Մամուլյանը խոստանում է՝ Արզնին կդառնա խոհարարական աշխարհի կենտրոն

Բաժանորդագրվել

Շուրջ 30 տաղավար է լինելու, մասնակցելու են ՀՀ–ի բոլոր ազգային փոքրամասնությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արզնին պատրաստվում է դառնալ խոհարարական աշխարհի կենտրոնը. հոկտեմբերի 24-ին այդտեղ կմեկնարկի հայկական և ազգային փոքրամասնությունների խոհանոցային մեծ փառատոնը։ Այն կրում է «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագիրը։

«Փառատոնը շատ գեղեցիկ է լինելու և ամենամյա` դառնալով տարածաշրջանային, միջազգային մակարդակի։ Մենք աշխատում ենք, որ օտարերկրացիներն ընտրություն կատարելիս որոշեն` գնալ Բրազիլիա` դիմակահանդեսի՞, Գերմանիա` Օկտոբերֆեստի՞, թե՞ գալ Հայաստան` Արզնի ու մասնակցել խոհանոցային փառատոնին։ Մեզ մոտ արդեն ստացվել է այնպես անել, որ ընտրեն Հայաստանը, օրինակ` խորովածի, տոլմայի, գինու և այլ փառատոնների ժամանակ»,– ասուլիսի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Մեխակ Ապրեսյանը նաև նշեց, որ շուրջ 30 տաղավար է լինելու, ՀՀ–ի բոլոր ազգային փոքրամասնությունները մասնակցելու են միջոցառմանը։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց, որ փառատոնը զբոսաշրջային տեսանկյունից բարձրացնում է Հայաստանի գրավչությունը։

«Միջոցառման ընթացքում կարելի է վայելել տարբեր ազգերի ուտեստներ և ծանոթանալ բազմաթիվ մշակույթների։ Այդ օրն խոհարարական աշխարհի կենտրոնը պետք է դառնա Արզնին»,– ասաց Մամուլյանը։

Նա ընդգծեց` խոհարարական մրցույթ է տեղի ունենալու 3 անվանակարգում` «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահղացում»։ Խաղարկվելու է նաև գլխավոր մրցանակ։ Մրցույթի մասնակիցները պարգևատրվելու են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։

Հիշեցնենք, որ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ։

Leave a comment