Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ողջ է, բայց «վիրավոր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որի հայրը սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի առաջին օրը, ողջ է, բայց «վիրավոր», գրում է Reuters-ը։

Իրանցիները Խամենեիին չեն տեսել կիրակի օրը հոգևորականների ժողովի կողմից նրա ընտրությունից ի վեր, իսկ նրա առաջին հայտարարությունը հինգշաբթի՝ մարտի 12-ին, ընթերցել է հեռուստահաղորդավարը։

«Կարծում եմ՝ նա ողջ է։ Կարծում եմ՝ նա վնասվել է, բայց, հավանաբար, ինչ-որ կերպ ողջ է»,- ասել է Թրամփը Fox News-ի «Բրայան Քիլմիդի շոու»-ին տված հարցազրույցում։

Իրանցի պաշտոնյան չորեքշաբթի Reuters-ին  հայտնել էր, որ նորանշանակ գերագույն առաջնորդը թեթև վիրավորում է ստացել, բայց շարունակում է գործել, այն բանից հետո, երբ պետական ​​հեռուստատեսությունը նրան նկարագրել է որպես «պատերազմի վիրավոր վետերան»։

Խամենեին գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո առաջին մեկնաբանություններում խոստացել է փակ պահել Հորմուզի նեղուցը և կոչ արել հարևան երկրներին՝ փակել իրենց տարածքում գտնվող ամերիկյան բազաները, հակառակ դեպքում՝ Իրանը կարող է թիրախավորել դրանք։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ հարձակումը սկսեցին փետրվարի 28-ին։ Իրանը պատասխանեց հարվածներով Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին, որոնք ունեն ամերիկյան բազաներ։

Պատերազմի մեկնարկից երկու շաբաթ անց, երբ արդեն հազարավոր մարդիկ են սպանվել, իսկ ֆինանսական շուկաները՝ ցնցվել, Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների առաջնորդները հանդես են եկել պայքարը շարունակելու հայտարարություններով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment