Պարսից ծոցի նավթ արդյունահանող երկրները Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր կորցրել են շուրջ 15,1 մլրդ դոլարի եկամուտ։ Պատճառը Հորմուզի նեղուցի փաստացի փակումն է, ինչի հետևանքով միլիոնավոր բարել հում նավթ մնացել է շրջափակման մեջ։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Kpler վերլուծական կենտրոնին։
Ըստ Kpler վերլուծական ընկերության տվյալների՝ այս երթուղով օրական տեղափոխվում է մոտ 1,2 մլրդ դոլարի նավթամթերք և բնական գազ, սակայն փետրվարի 28-ից սկսած երթևեկությունը գրեթե դադարել է Իրանի հարձակումների և ապահովագրավճարների կտրուկ աճի պատճառով։ Ներկայումս նեղուցով անցնող հոսքերը նախապատերազմյան մակարդակի համեմատ աննշան են, ընդ որում՝ դադարեցված բեռնափոխադրումների արժեքի 71 տոկոսը բաժին է ընկնում հում նավթին։
Ամենամեծ կորուստները կրել է Սաուդյան Արաբիան՝ շուրջ 4,5 մլրդ դոլար, թեև թագավորությունը ծրագրում է առաջիկայում ավելացնել արտահանումը Կարմիր ծովի միջոցով։
Wood Mackenzie-ի գնահատմամբ՝ առավել խոցելի վիճակում է հայտնվել Իրաքը, քանի որ նավթի արդյունահանումն ապահովում է այդ երկրի պետական եկամուտների 90 տոկոսը։ Քուվեյթն ու Կատարը նույնպես զգալի կորուստներ ունեն, սակայն նրանք կարող են օգտագործել իրենց ինքնիշխան հիմնադրամները տնտեսական հարվածը մեղմելու համար։
Kpler-ի տեղեկություններով՝ առնվազն 10,7 մլրդ դոլար արժողությամբ նավթ և հեղուկացված գազ արդեն բեռնված է նավերի վրա, սակայն չի կարողանում դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Սաուդյան Արաբիան գտնվում է համեմատաբար լավ վիճակում, քանի որ ունի արտասահմանյան պահեստարաններ և կարող է օգտվել բարձր գներից, ինչը մասամբ կփոխհատուցի արտահանման կորուստները։ Չնայած Saudi Aramco-ն հայտարարել է բեռնափոխադրումների 70 տոկոսը դեպի Կարմիր ծով վերաուղղորդելու հնարավորության մասին, վերլուծաբանները կասկածում են, որ խողովակաշարային համակարգը կարող է աշխատել նման ծանրաբեռնվածությամբ։ Wood Mackenzie-ի հաշվարկներով՝ Պարսից ծոցի արտադրողները միասին վերցրած մինչ այժմ կորցրել են 13,3 մլրդ դոլարի վաճառքի և հարկային եկամուտ, իսկ Կատարի պետական էներգետիկ ընկերության կորուստները մարտի 2-ից ի վեր կազմել են մոտ 571 մլն դոլար։
The post Հորմուզի նեղուցի փակումը 15 մլրդ դոլարի վնաս է հասցրել Պարսից ծոցի երկրներին appeared first on CIVILNET.