ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ծովում մնացած ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ շուկայում էներգակիրների պակասը լրացնելու և գների կտրուկ աճը զսպելու համար, հաղորդում է CNN-ը։
Brent տեսակի նավթի գինը 2022-ի օգոստոսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը՝ մեկ բարելի դիմաց, Իրանի հետ շարունակվող պատերազմի ֆոնին։
Ռուսաստանից արտահանվող նավթի պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը տեղի է ունենում ռուսական նավթային ընկերությունների վրա ԱՄՆ նախկին ճնշումներից հետո, որոնք նպատակ ունեին կասեցնել Մոսկվայի կողմից Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պարզաբանել է, որ գոյություն ունեցող համաշխարհային մատակարարումների հասանելիությունը մեծացնելու նպատակով գերատեսչությունը ժամանակավոր թույլտվություն է տրամադրում ծովում գտնվող ռուսական նավթի ձեռքբերման համար։ Ըստ նախարարի՝ այս նեղ մասնագիտական և կարճաժամկետ միջոցը վերաբերում է միայն արդեն իսկ տարանցման մեջ գտնվող նավթին և էական ֆինանսական օգուտ չի բերելու Ռուսաստանի կառավարությանը, որն իր էներգետիկ եկամուտների մեծ մասը ստանում է արդյունահանման պահին հաշվարկվող հարկերից։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված լիցենզիան վերաբերում է բացառապես մինչև մարտի 12-ը նավերի վրա բեռնված ռուսական հում նավթին կամ նավթամթերքին և թույլատրում է այդ բեռնափոխադրումները մինչև ապրիլի 11-ը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջին Շահինը քննադատել է որոշումը՝ նշելով, որ այն համալրում է Կրեմլի ռազմական բյուջեն այն պահին, երբ Պուտինն աջակցում է Իրանին։
Սենատորի պնդմամբ՝ վատ պլանավորված պատերազմը Պուտինին անսպասելի շահույթ է տալիս, մինչդեռ ամերիկյան ընտանիքները բախվում են գնաճին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն հնդկական վերամշակողներին 30-օրյա արտոնություն է տրամադրել ծովում գտնվող ռուսական նավթի գնման համար՝ շուկայի անխափան հոսքն ապահովելու նպատակով։ Պատերազմի երկրորդ շաբաթում Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մեկ հինգերորդը, փաստացի փակվել է տանկերների համար, ինչը հանգեցրել է գների կտրուկ աճի։
Վերլուծաբանները զգուշացնում են, որ նույնիսկ պատերազմի արագ ավարտը չի երաշխավորում նեղուցի շուտափույթ վերաբացումը։ Էներգետիկ պակասուրդի սրմանը զուգահեռ, երկրները փորձում են մեղմել տնտեսական ազդեցությունը՝ սահմանափակելով սպառումն ու վառելիքի գները և օգտագործելով նավթի արտակարգ պաշարները։
The post ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է ծովում մնացած ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները appeared first on CIVILNET.