Հնդկաստանը ձգտում է դառնալ համաշխարհային կիսահաղորդչային կենտրոն

Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավը հայտարարել է, որ India Semiconductor Mission (ISM)-ի Chips to Startups (C2S) նախաձեռնության շրջանակում իրականացվող ուսուցման, վերապատրաստման և աշխատուժի զարգացման ծրագրերի շնորհիվ երկիրը վերջին չորս տարում զգալի առաջընթաց է գրանցել կիսահաղորդչային նախագծման ոլորտում 85,000 ինժեներ պատրաստելու իր 10-ամյա նպատակի ուղղությամբ, հաղորդում է Economic Times կայքը։

Վայշնավը տեղեկացրել է, որ Synopsys, Cadence, Siemens, Renesas, Ansys և AMD ընկերությունների աջակցությամբ տրամադրվող համաշխարհային մակարդակի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) գործիքները հասանելի են դարձել երկրի 315 ուսումնական հաստատություններում։

Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարության համաձայն՝ այս գործիքների միջոցով ուսանողները գործնական փորձ են ձեռք բերում կիսահաղորդչային չիպերի նախագծման ոլորտում։ 

Այս չիպերը արտադրվում և փորձարկվում են Մոհալիում գտնվող Semiconductor Laboratory (SCL) կենտրոնում՝ ուսանողներին հնարավորություն տալով գործնականորեն մասնակցել ամբողջ գործընթացին՝ նախագծումից մինչև արտադրություն, փաթեթավորում և փորձարկում։

Նախաձեռնությունն արդեն վերածվել է աշխարհում բաց հասանելիությամբ ամենախոշոր EDA ծրագրի․ մինչ այժմ չիպերի նախագծման ուսուցման նպատակով գրանցվել է EDA գործիքների ավելի քան 18.5 միլիոն ժամ օգտագործում, և այդ ցուցանիշը շարունակում է աճել։

Նա հավելել է, որ այսօր Հնդկաստանի տարբեր կրթական հաստատությունների ուսանողներ՝ Ասամից մինչև Գուջարաթ և Քաշմիրից մինչև Կանյակումարի, ակտիվ ներգրավված են կիսահաղորդչային նախագծման աշխատանքներում։ Նրա խոսքով՝ սա կարևոր քայլ է երկրի տեխնոլոգիական կարողությունների զարգացման և ինքնաբավության ամրապնդման ուղղությամբ։ 

Համաշխարհային արդյունաբերության պահանջների մասին խոսելով՝ Վայշնավը նշել է, որ եթե կիսահաղորդչային արդյունաբերության ծավալը ներկայիս 800–900 միլիարդ դոլարից հասնի 2 տրիլիոն դոլարի, ապա ոլորտում կպահանջվի մոտ 2 միլիոն որակավորված մասնագետ։ Նրա խոսքով՝ սա Հնդկաստանի երիտասարդների համար ստեղծում է զբաղվածության լայն հնարավորություններ։ 

Նա նաև հայտարարել է, որ India Semiconductor Mission 2.0 ծրագրի շրջանակում նախաձեռնությունն ընդլայնվելու է՝ ընդգրկելով ոչ թե 315, այլ 500 ուսումնական հաստատություն։ Սա, ըստ նրա, կօգնի երկրի բոլոր նահանգներում ձևավորել կիսահաղորդչային նախագծման, արտադրության, փաթեթավորման և փորձարկման ոլորտներում պատրաստված մասնագետների կայուն և ուժեղ ներուժ։ 

Վայշնավը վերահաստատել է, որ Հնդկաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել ուժեղ և ինքնաբավ կիսահաղորդչային էկոհամակարգ։ Նրա խոսքով՝ India Semiconductor Mission 2.0 ծրագրի շրջանակում մարդկային ներուժի զարգացման, ենթակառուցվածքների ստեղծման և արդյունաբերության հետ համագործակցության միջոցով Հնդկաստանը ձգտում է դառնալ համաշխարհային կիսահաղորդչային կենտրոն։ 

The post Հնդկաստանը ձգտում է դառնալ համաշխարհային կիսահաղորդչային կենտրոն appeared first on CIVILNET.

Leave a comment