ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը | ՄԱՄՈՒԼ.ամ

Սահմանադրական դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացվող հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
     Ջալալ Հարությունյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, ինչը հանգեցրել է մարդու մահ։ Խոսքը «Ցորի» դրվագի մասին է։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չի ընդունել բողոքները, ըստ այդմ, դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, Հարությունյանն էլ՝ տեղափոխվել ՔԿՀ՝ պատժի կրման համար։
     Ջալալ Հարությունյանի անունից անհատական դիմում է ներկայացվել ՍԴ, որում բարձրացվել են մի քանի հարցեր, այդ թվում, ընդդատության հարցը։ Ըստ Հարությունյանի՝ ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին դատարանների կողմից հաղորդվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) սահմանադրության նախաբանի էությանը հակասող այնպիսի հակասահմանադրական մեկնաբանություն, որի արդյունքում «դատական տարածքում» է ներառվել միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «ԼՂ տարածքը», որպես հետևանք՝ ԼՂ-ում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է իբրև «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ» և Հարությունյանը պահանջել է այդ մեկնաբանությունը ճանաչել հակասահմանադրական։ Հարությունյանը դիմումով նշել է, թե դրա հետևանքով խախտվել է արդար դատաքննության բաղադրատարրի՝ իր գործի «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից» քննություն իրականացնելու սկզբունքը։ Բացի այդ, ըստ դիմումատուի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի ՔրՕր-ի 550-րդ մասի3 «հանցավոր համարվող արարքի շրջանակը ընդլայնող» նորմին դատարանը հաղորդել է մեկնաբանություն, որով արարքը կատարելու պահին հանցավոր չհամարված «անբարեխղճության» հետևանքը իբրև «հանցավոր մեկնաբանելով» «նոր քրեական օրենքի» հետադարձ կիրառություն է տրվել, ինչը ևս, ըստ Հարությունյանի, պետք է ճանաչել Սահմանադրության 72-րդ հոդվածին և 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։
     Այս հարցերից զատ Հարությունյանը նաև բարձրացրել է առողջական խնդիրների՝ անազատության հետ անհամատեղելիության հարցը։
     ՍԴ-ն մերժել է դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացված հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a comment