ԵՄ հանձնակատարը գոհունակություն է հայտնել վիզաների ազատականացման ուղղությամբ ՀՀ քայլերից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԵՄ շարունակական օժանդակության փաստը՝ հավելելով, որ ՀՀ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք կհամապատասխանեն ԵՄ չափանիշներին։ Երկրի ղեկավարը միաժամանակ գոհունակություն է հայտնել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից և հավելել, որ վիզաների ազատականացումը ևս մեկ կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ուղղությամբ։

Իր հերթին, Մագնուս Բրունները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Միաժամանակ, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով ԵՄ–ի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։

The post ԵՄ հանձնակատարը գոհունակություն է հայտնել վիզաների ազատականացման ուղղությամբ ՀՀ քայլերից appeared first on CIVILNET.

Leave a comment