Արցախի մասին հիշատակման մեջ ռազմատենչ կոչ չկա, միայն արդարության աղոթք է․ Մայր Աթոռը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ճեպազրույցում հայտարարեց, որ պատարագների ժամանակ Արցախի Հանրապետության մասին հիշատակումները նշանակում են պատերազմի կոչ։

24News-ը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոն՝ դիրքորոշում ստանալու նպատակով, որտեղից, ի պատասխան մեր հարցման, նշել են․

«Սուրբ Պատարագի ընթացքում Արցախի և արցախահայության համար տասնամյակներով կատարված աղոթքը Եկեղեցու սուրբ խորաններից վերառաքվում է առ Աստված, քանզի ոտնահարված են արցախցիների արդար իրավունքները, յուրացվում, պղծվում և ոչնչացվում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը, և Բաքվի բանտերում ազատազրկված են մնում հայորդիները»։

Տեղեկատվական կենտրոնից տարօրինակ են համարել, որ վարչապետի կողմից աղոթքը դիտարկվում է իբրև պատերազմի կոչ․

«Այստեղ որևէ ռազմատենչ կոչ չկա, միայն արդարության աղոթք է, որը որպես հայց հնչում է առ Աստված»։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը պատարագների ժամանակ Արցախի և արցախահայության համար աղոթք հնչեցնելը որակել է որպես այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ստանձնել է «պատերազմի կուսակցության» առաջնորդությունը։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ

Leave a comment