«Այո, Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի». Նիկոլ Փաշինյան

«Այո, Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, եւ ասեմ՝ ինչո՞ւ, որովհետեւ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ ու ուզենալ անկախ պետություն կառուցել»,- այսօրվա ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ եմ ասում, որ եկեղեցին ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, սա շատ պարզ բացատրություն ունի՝ ես գնում եմ պատարագների եւ տեսնում եմ, որ պատարագի տեքստից շեղվում են եւ հղում են անում Արցախի Հանրապետություն եւ այլն։ Շատ լավ, եկեք բոլորս հղում անենք Արցախի Հանրապետությանը, դա ի՞նչ է նշանակում՝ դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե մենք այդ տեսությունը որդեգրում ենք, այդ տեսության որդեգրման ճանապարհին պետք է գնալ կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում, ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ՝ այսօր, վաղը, մյուս օրը։ Գիտեմ՝ հեսա կասեք՝ բա ինչո՞ւ եք դուք ասել՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Աստվածաշնչում մի հատ սենց հատված էլ կա՝ ասում է՝ ողբ արեցինք, եւ դուք լաց չեղաք, նվագ հնչեցրինք, եւ դուք պար չեկաք։ Այն ժամանակ, երբ պայքարելու ժամանակն էր, բոլորը կենտրոնացած էին նրա վրա, թե ոնց Երեւանում կառավարությունը փոխեն։ Ուզում էին զորքը հետ քաշեին եւ հեղաշրջում անեին։ Ավարտվել է այդ պատմությունը, ես ասել եմ՝ Ղարաբաղյան շարժում չկա։ Եվ ամեն անգամ, երբ խորանից հղում են անում, երբ ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը դարձյալ արցախցիների վերադարձի հարցը հավասարեցրեց այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձի» կեղծ հարցին։ «Բա ամեն անգամ մենք տենց ասում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում։ Էդ որ ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ, որտեղի՞ վերադարձ։ Բա կա փախստականների վերադարձի թեմա, Ադրբեջանն էլ նույն թեման է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալու-զարգանալու են, բախվելու են իրար, դառնալու են պատերազմ»,- ասաց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment