Հայկ Ղազարյան
Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 46,528 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 31,538-ը: Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 14,990 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան: Նախորդ ամսվա համեմատ վերադարձածների թիվն ավելացել է 12-ով (տե՛ս՝ ինֆոգրաֆիկը)։ Այս տվյալները ՍիվիլՆեթին է դրամադրել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը։
2024-ի գարնանից մինչև 2025-ի նույն ժամանակահատվածը Հայաստանից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը պահպանվել է հարաբերականորեն կայուն՝ 11,000-12,000-ի սահմաններում։ 2025-ի մայիսից, սակայն, նկատվում է արտահոսքի նոր ալիք. ընդամենը մի քանի ամսում չվերադարձողների թիվն ավելացավ շուրջ 4,000-5,000-ով՝ օգոստոսին հասնելով 16,735-ի: Այս միտումը ժամանակագրական առումով համընկավ արցախցիների «40+10 հազար» դրամ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցման և դրա թիրախային դառնալու հետ: Թեև 2025-ի ամռանն արտահոսքը հասել էր գագաթնակետին, տարեվերջին պատկերը որոշակիորեն կայունացավ. 2026-ի հունվարի 1-ի դրությամբ չվերադարձածների թիվը նվազել է մինչև 15,129՝ շնորհիվ վերադարձողների տեմպի ավելացման (տե՛ս՝ գրաֆիկը):
Մեծանում է նաև ՀՀ նոր անձնագրեր ստացողների թիվը. 2023-ից մինչև 2026-ի փետրվարի 5-ը քաղաքացիության համար դիմած 26,099 արցախցուց 20,769-ը ՀՀ նոր անձնագիր է ստացել։
Ավելի վաղ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ 150,000 է, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։
Տե՛ս նաև՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում
The post Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 14,990 արցախցի appeared first on CIVILNET.