Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում գրել։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն իրավական ակտ չկա։ Թանգարան-ինստիտուտից և ԿԳՄՍ նախարարությունից չէին արձագանքում, թե ինչ հիմքով է Գզոյանն ազատման դիմում գրել։
Փետրվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Փոխնախագահին ուղեկցել էր թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և Վենսին Արցախի հիմնախնդրի մասին գիրք էր փոխանցել։
Գզոյանն ԱՄՆ փոխնախագահին էր ներկայացրել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Մարտի 12-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Էդիտա Գզոյանի քայլը համարել է Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն և սադրիչ գործողություն։
«Երբ երկրի վարչապետն ասում է Ղարաբաղյան շարժում չկա, ինչ է նշանակում օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրել։ Այս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականություն վարի։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի կառավարությունը։ Ես կառավարության ղեկավարն եմ, և այդ թվում ես եմ վարում արտաքին քաղաքականությունը։ Եվ այն պետական պաշտոնյան, ով Հայաստանի կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի՝ կազատվի աշխատանքից, այդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։ Սա պետություն է հարգելիներս»,- ասաց վարչապետը։
The post Իմ ցուցումով է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատման դիմում գրել․ վարչապետ appeared first on CIVILNET.