Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով

Քաղաքականություն

11.03.2026 | 20:50

Իրանի զինված ուժերը հայտարարում են, որ Հորմուզի նեղուցում թիրախավորվելու է Միացյալ Նահանգներին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին պատկանող ցանկացած նավ, գրում է DW-ն։

«Նավերը կհամարվեն օրինական թիրախներ»,- պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ ասել է բանակի կենտրոնական օպերատիվ հրամանատարության՝ Խաթամ ​​ալ-Անբիայի ներկայացուցիչը։

Նշվում է, որ իրանական ուժերը «թույլ չեն տա, որ անգամ մեկ լիտր նավթ անցնի» Հորմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթի փոխադրումների մոտ 20%-ը։

«Մենք թույլ չենք տա, որ նույնիսկ մեկ լիտր նավթ հասնի ԱՄՆ-ին, սիոնիստներին (Իսրայելին) և նրանց գործընկերներին։ Նրանց հետ կապված ցանկացած նավ կամ լցանավ կլինի օրինական թիրախ։ Պատրաստվեք, որ նավթի մեկ բարելի գինը կհասնի 200 դոլարի, քանի որ նավթի գինը կախված է տարածաշրջանային անվտանգությունից, որը դուք ապակայունացրել եք»,- ասել է  Էբրահիմ Զոլֆաքարին։

Իրանի և Օմանի միջև գտնվող նեղուցի ամենանեղ հատվածում լայնությունն ընդամենը 33 կիլոմետր է (21 մղոն), ինչը նավերը դարձնում է իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար հեշտ թիրախ։

Չորեքշաբթի նեղուցի մոտակայքում անհայտ արկերով հարված է հասցվել երեք բեռնատար նավի, որոնցից մեկը բռնկվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment