Իրանի պատերազմի ազդեցությունը կլինի գների և լոգիստիկայի միջոցով, կարծում են ԿԲ-ում

Արշալույս Մղդեսյան

Իրանում ընթացող պատերազմը Հայաստանի տնտեսության վրա կարող է ազդել հիմնականում միջազգային գների փոփոխության, լոգիստիկ շղթաների և տարածաշրջանային անորոշության միջոցով: ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։ Ըստ ԿԲ-ի՝ ընդհանուր գնաճային ազդեցությունը կարող է կազմել մինչև 0.5%, իսկ ֆինանսական կայունության տեսանկյունից էական ռիսկեր չեն սպասվում:

Փետրվարի 28-ից Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ, որի արդյունքում սպանվեցին նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, բարձրաստիճան այլ գործիչներ։ Իրանի կողմից համաշխարհային նավթի առևտրի կարևորագույն հանգույցի՝ Հորմուզի նեղուցի արգելափակումը, ինչպես նաև պատասխան հարվածները տարածաշրջանի երկրների ամերիկյան ռազմաբազաներին ու Իսրայելին Մերձավոր Արևելքում նոր իրադրություն են ձևավորել։

Պատերազմն Իրանում ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական ռիսկեր է ստեղծում նաև Հայաստանի՝ Իրանի անմիջական հարևանի համար: Իրանը Հայաստանի առևտրային խոշոր գործընկերներից է, որտեղից Հայաստանը ներկրում է պարենային ապրանքներ, էներգակիրներ և շինանյութ: 2025-ի արդյունքներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 768 միլիոն դոլար՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 4,2% աճ։ Ուշագրավ է, որ Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում Իրանի տեսակարար կշիռն աճի միտում ունի. եթե 2024-ին այն կազմում էր 2,4%-ը, ապա 2025-ին հասել է 3,6%-ի։

Տե՛ս նաև՝ Պատերազմն Իրանում և տնտեսական ռիսկերը Հայաստանի համար

Բացի ուղիղ առևտրից, Իրանը կարևոր տարանցիկ ճանապարհ է հայկական բեռների համար. Հայաստանի արտաքին առևտրի մինչև 25%-ն անցնում է Իրանի տարածքով։ Ի լրումն Վրաստանի, Հայաստանը համաշխարհային շուկաներին կապվում է Իրանի տարածքով։ Հակամարտության սրման պայմաններում  մատակարարումների հնարավոր խափանումները, ըստ տնտեսագետների, կարող են հանգեցնել գների աճի և հայաստանյան շուկայում առանցքային ապրանքների անբավարարության: 

Լոգիստիկ շղթաներում խաթարումներ չեն արձանագրվել

Թեև Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է Իրանից բեռնափոխադրման «ծավալների որոշակի նվազում», իսկ լրատվամիջոցները հայտնում են Իրանի հետ սահմանին բեռնատարների կուտակումների մասին, Կենտրոնական բանկից նշում են, որ ներկա փուլում հայ-իրանական առևտրային և լոգիստիկ շղթաներում խաթարումներ չեն արձանագրվել: 

«Հակամարտության խորացման դեպքում հնարավոր են փոխադրումների թանկացում և ներմուծման ու արտահանման ծախսերի աճ»,- նշել են ԿԲ-ից:

Չնայած Մերձավոր Արևելքը հայկական արտահանման համար համեմատաբար փոքր շուկա է (ընդհանուր ծավալի մինչև մոտ 10%-ը), ԿԲ-ում չեն բացառում առանձին ապրանքախմբերի մասով բացասական զարգացումները: Ինչ վերաբերում է գնաճին, ապա հիմնական ազդեցությունը սպասվում է միջազգային շուկաներից: 

Թեև Իրանից վառելիքի ներմուծման կախվածությունը սահմանափակ է, նավթի բարձր գները , ըստ ԿԲ-ի, կարող են որոշակիորեն հանգեցնել ներքին գների բարձրացման: Կենտրոնական բանկը նույնանման գնաճային ճնշումները հավանական է համարում նաև Իրանից ներմուծվող որոշ պարենային ապրանքների դեպքում:

Տնտեսական ակտիվություն և ֆինանսական կայունություն

ԿԲ-ի գնահատմամբ՝ տնտեսական հետևանքների ծավալը մեծապես կախված է հակամարտության տևողությունից և տարածման աշխարհագրությունից: Հակամարտության հետագա էսկալացիան կառաջացնի լրացուցիչ ռիսկեր, այդ թվում՝ տարածաշրջանային ռիսկերի վերագնահատում և առևտրային շղթաների ամբողջական խաթարում: 

Միևնույն ժամանակ, ԿԲ-ն մատնանշում է հնարավոր հակառակ էֆեկտը. «Ինչպես ցույց է տալիս նախկին նմանատիպ իրադարձությունների փորձը, հնարավոր է նաև կապիտալի և աշխատուժի որոշակի ներհոսք դեպի տարածաշրջանի հարաբերականորեն ավելի կայուն երկրներ, ինչը կարող է աջակցել տնտեսական ակտիվությանը Հայաստանում»։

Ֆինանսական կայունության տեսանկյունից ԿԲ-ն վստահեցնում է, որ ռիսկերն էական չեն լինի՝ հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային ֆինանսական շուկաներին Իրանի թույլ ինտեգրվածությունը, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանափակ ֆինանսական համագործակցությունը:

ԿԲ-ն պատրաստ է արձագանքել

ԿԲ-ն հավաստիացնում է, որ մշտապես գնահատում է իրավիճակը տարբեր սցենարների ներքո և հետևում տնտեսական զարգացումներին: Կայուն գնաճային ճնշումների դեպքում ԿԲ-ն պատրաստ է կիրառել իր դրամավարկային գործիքակազմը՝ գների կայունությունը պահպանելու համար։

ԿԲ-ն նաև տեղեկացնում է, որ մարտի 17-ին կայանալիք վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշման նպատակով ԿԲ խորհրդի հերթական նիստում, ինչպես նաև դրան հաջորդող Դրամավարկային քաղաքականության և թափանցիկության զեկույցներում առավել մանրամասն կներկայացվեն սցենարային վերլուծությունները, այդ թվում՝ կապված Իրանի զարգացումների հետ:

The post Իրանի պատերազմի ազդեցությունը կլինի գների և լոգիստիկայի միջոցով, կարծում են ԿԲ-ում appeared first on CIVILNET.

Leave a comment