Այսօր էլ պատրաստ ենք ավտոմոբիլային ճանապարհ տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի հետ կապի համար. Փաշինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը»,- այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այս առաջարկը որևէ կերպ չի նշանակում TRIPP նախագծի իրագործման ձգձգում։

«Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետեւանքով ո՛չ զոհ է եղել, ո՛չ վիրավոր։ Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցի ձայներ չեն լսում։ Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով, անցնելով նաև Վրաստանի միջով, գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումը, և ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, որովհետև սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը, գուցե, բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին եւ ինչպես տեսաք վերոհիշյալ մեջբերումից, որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հիմա ուզում եմ ասել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ավտոմոբիլային կապը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ այդ առաջարկը նպատակ չունի որեւէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ «Ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկներն անում ենք, որովհետեւ ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջեւանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջեւ երկաթուղային կապի հաստատմանը․ երկաթուղային այս ուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, Հայաստանի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջեւ։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի եւ Ադրբեջանի սպասումները չեն հակասում իրար։ Մենք պատրաստվում ենք Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաեւ արտահանման համար։ Հույս ունեմ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաեւ Ադրբեջանը։ Իսկ Հայաստանն Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ եւ կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Վրաստանի վարչապետին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցությանը եւ ընդհանրապես խաղաղության գործընթացին աջակցելու համար»,- նշել է նա։

Leave a comment