Ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Փաշինյան

«Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն՝ ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում», – Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները մթագնում են տարածաշրջանային դրական զարգացումները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Անդրադառնալով տարածաշրջանային գործընկերներին և Մերձավոր Արևելքի իրավիճակին՝ վարչապետը նշել է.

«Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը, Միացյալ նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան, մեր լավ գործընկերներն են, Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն՝ ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավել ևս, մենք փոքր համեստ պետություն ենք և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում իր գործընկերային հարաբերությունները ինչպես անմիջական հարևանների, այնպես էլ արաբական աշխարհի երկրների հետ՝ կարևորելով կայունությունը ողջ տարածաշրջանում։

The post Ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Փաշինյան appeared first on CIVILNET.

Leave a comment