Հայաստանն ու ԱՄՆ-ն առաջիկայում կստորագրեն TRIPP ծրագրի իրականացման համաձայնագիրը. Փաշինյանը՝ ԵԽ-ում

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում կստորագրեն համապատասխան համաձայնագիր և կսկսեն «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի գործնական քայլերը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ։ 

Վարչապետը հայտնել է, որ ծրագրի իրականացման շրջանակն արդեն ընդունվել է հունվարի 13-ին։

Վարչապետը Եվրախորհրդարանի ամբիոնից մանրամասնել է վերջին երկու տարվա տարածաշրջանային փոփոխությունները՝ առանձնացնելով 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության հռչակագիրը։ Ըստ Փաշինյանի՝ TRIPP նախագիծը, որը բխում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգից, ներկայումս գտնվում է «բյուրեղացման փուլում»։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մեջբերել է Վաշինգտոնի հռչակագրի այն դրույթները, որոնք սահմանում են հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները։

«Մենք վերահաստատեցինք ներպետական և երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու «ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի»։ Նա ընդգծել է, որ նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի շահերին և չի նսեմացնում երկրի ինքնիշխանությունը։

Խոսելով ընթացիկ իրավիճակի մասին՝ Փաշինյանը նշել է, որ 2025-ը դարձել է անկախությունից ի վեր առաջին տարին, երբ սահմանին զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել։ Նա նաև տեղեկացրել է տնտեսական փոխգործակցության առաջին արդյունքների մասին։

«Հույս ունեմ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը, իսկ Հայաստանը Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ և կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները»,- ասել է նա։

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հենց այսօր գործող ենթակառուցվածքներով (Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղիով) ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը, քանի դեռ TRIPP ծրագրի շինարարական աշխատանքները չեն սկսվել։

The post Հայաստանն ու ԱՄՆ-ն առաջիկայում կստորագրեն TRIPP ծրագրի իրականացման համաձայնագիրը. Փաշինյանը՝ ԵԽ-ում appeared first on CIVILNET.

Leave a comment