Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի ընթացքում քննարկել են ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը։
«Այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային և բնական գազին», – գրել է թուրք նախարարը։
The post Երևանն ու Անկարան քննարկել են էներգետիկ համագործակցության հնարավորությունները appeared first on CIVILNET.