Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ և այժմ գնահատում է միջազգային գործընկերների առաջարկները՝ նոր էներգաբլոկի անցումը նախապատրաստելու համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։
«Այսօր․ անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում, Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036-ը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։
Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ», – ասել է վարչապետը։
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ մինչև 2050 թվականը միջուկային էներգետիկայի զարգացման ճանապարհին առանցքային է լինելու որակավորված մասնագետների պատրաստումը, ինչի համար կարևորվում է միջազգային կրթական համագործակցությունը։
«Մինչև 2050-ը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը՝ նախագծումից և կառուցումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում և, ի վերջո, շահագործումից հանում։ Ուսուցման և կրթական ծրագրերի իրականացումը կարևոր է անհրաժեշտ աշխատուժի առկայությունն ապահովելու համար։ Այս առումով, Հայաստանը բարձր է գնահատում միջազգային համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։
Ուրախ եմ նշել, որ այս ջանքերի և հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ Հայկական Ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությունը, որը չափազանց կարևոր է ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար։ Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է լինի մեր գլխավոր սկզբունքը։
Մենք վստահ ենք, որ այս գագաթնաժողովը կնպաստի երկրների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և ոլորտի միջև նախաձեռնությունների և գործընկերությունների զարգացմանը։ Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ և հաջող աշխատանք»,- ասել է վարչապետը։
The post Հայաստանը գնահատում է միջազգային առաջարկները՝ նոր միջուկային էներգաբլոկի անցնելու նպատակով․ վարչապետ appeared first on CIVILNET.