Ինչ է ասել Քոչարյանը Իրանի զորքերը Սյունիք բերելու վերաբերյալ․ Ալեքսանյանի պնդման հետքերով

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է տարիներ առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Իրանի հետ անվտանգության ոլորտում գործակցության մասին հայտարարություններին։ 

Ալեքսանյանը, մասնավորապես, պնդել է«[Քոչարյանը] ասում էր՝ պետք ա Իրանին ներգրավել որպես ՀՀ անվտանգության երաշխավոր կամ նմանատիպ մի արտահայտություն․․․կամ իրանական զորքերը բերել Սյունիք, էնտեղ առնվազ երկու անգամ զորավարժություններ անել։․․․ հասկանալի ա չէ՞ հիմա ինչ էր տեղի ունենալու, եթե նման բան տեղի ունեցած լիներ»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այդ թեմայի վերաբերյալ Քոչարյանի հրապարակային հայտարարությունները։  

Ի՞նչ է ասել Քոչարյանն իրականում 

2022 թվականի սեպտեմբերի 29-ի իր ասուլիսում Քոչարյանը խոսել է ՀՀ Սյունիքի մարզի անվտանգությունն ապահովելու նպատակով Իրանի հետ համագործակցության մասին։ 

«Այս երկու տարվա ընթացքում առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ, և այդ ամենը ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով՝ կարելի էր կանգնեցնել, եթե հետապնդում է իր ազգային շահը»:

Քոչարյանը նաև պնդում էր, թե գուցե հնարավոր լինի ՌԴ-ի ու Իրանի հետ եռակողմ նոր ֆորմատ ձևավորել։ 

«․․․Որովհետև այսօր ՌԴ-ն Իրանի հետ ջերմացնում է հարաբերությունները: Համոզված եմ, որ սա հնարավոր է բացատրել նաև ԱՄՆ-ին: Դուր կգա՞ իրենց, ոչ: Բայց արդյո՞ք առաջարկում են այլընտրանք, ոչ, չեն առաջարկում»,- ասել էր Քոչարյանը:

Փաստացի, Ալեքսանյանի ձևակերպումն ամբողջությամբ չի համընկնում Քոչարյանի հայտարարության հետ․ 2-րդ նախագահը թեև խոսել է Իրանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման և անվտանգության ոլորտում համագործակցության մասին, սակայն ուղիղ տեքստով չի ասել, որ իրանական զորքերը պետք է տեղակայվեն Սյունիքում կամ դառնան ՀՀ անվտանգության երաշխավոր։

Նանե Մանասյան

The post Ինչ է ասել Քոչարյանը Իրանի զորքերը Սյունիք բերելու վերաբերյալ․ Ալեքսանյանի պնդման հետքերով appeared first on FIP.AM.

Leave a comment