Վճռաբեկ դատարանը՝ Հայաստանի բարձրագույն դատական ատյանը, իրեն դատապարտել է ազատազրկման՝ փորձելով խոչընդոտել Մասիս համայնքում «Կառուցող» դաշինքի հաղթանակին։ Այդ մասին հայտարարել է «Կառուցող» դաշինքի՝ Մասիս համայնքի ղեկավարի արդեն նախկին թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
«Սիրելի՛ մասիսցիներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր կյանքում ոչինչ չի փոխվել։ Պետք է հիասթափեցնեմ այն մարդկանց, որոնք փորձում են իրադարձություններից առաջ ընկնել։
«Կառուցող» դաշինքը՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի գլխավորությամբ, կշարունակի նախընտրական պայքարը, և ես վստահ եմ, որ մասիսցիներն իրենց ձայնը կտան «Կառուցող» դաշինքին։
Սիրելի՛ մասիսցիներ, դուք բոլորդ գիտեք, որ ինձ 8 տարվա ընթացքում կալանավորել են, ազատ արձակել, հետո նորից կալանավորել, հետո նորից ազատ արձակել։ Ուզում եմ՝ իմանաք, որ ես այդ հանցագործությունը չեմ կատարել։ Ով էլ փորձի նման կեղտոտ մեթոդներով գողանալ Մասիսը, ես վստահ եմ, որ ոչ ոքի չի հաջողվի նման կեղտոտ մեթոդներով գողանալ մասիսցիների ձայները։ Ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք մեր պայքարը, շարունակում ենք հստակ քայլերով առաջ շարժվել։ Այն մարդիկ, որոնք իրադարձություններից առաջ են ընկնում և փորձում ուրախանալ իմ կալանավորման լուրով, չարաչար սխալվում են, և ի վերջո նրանք հիասթափվելու են։
Տեղեկացնում եմ, որ չեմ մասնակցելու նախընտրական պայքարին, քանի որ դատապարտվել եմ և զրկվելու եմ ազատությունից, բայց հոգով ու սրտով լինելու եմ ձեր կողքին։
Իմ ընկերներին, համակիրներին, թիմակիցներին, Մասիսի բնակիչներին կոչ եմ անում հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին, օգնել թիմակիցներին ու ընկերներին հստակ քայլերով առաջ շարժվել դեպի հաղթանակ։ Վստա՛հ եղեք, որ դեկտեմբերի 13-ին հաղթանակը մերն է լինելու։ Ես հավատում եմ մասիսցիների իմաստությանը։ Այս մանր սպառնալիքներով, ինձ դատապարտելով և մեր ընկերներին կալանավորելով՝ նրանք որևէ արդյունքի չեն հասնելու։
Սիրելի՛ մասիսցիներ, բոլորիդ խնդրում եմ գնալ ընտրատեղամասեր և քվեարկել 5 համարի՝ «Կառուցող» դաշինքի օգտին։ Վստա՛հ եղեք, որ հաղթանակը մերն է լինելու։ Կանգնե՛ք թիմի կողքին, շարունակե՛ք ձեր պայքարը և հասե՛ք իրական հաղթանակի»,- նշել է նա։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մասիսի ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշում է ընդունվել։