Թաթոյանի պնդումները և Պապիկյանի հերքումը. ինչ են ցույց տալիս արբանյակային պատկերները

Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մարտի 4-ին հրատապ ասուլիս է հրավիրել՝ հայտարարելով, որ 2025-ի հուլիսի 31-ից հետո Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքում նոր ներխուժումներ են իրականացրել և նոր դիրքեր տեղակայել։

«Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, և Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից»,- ասել է Թաթոյանը՝ նշելով, որ իր ներկայացրած տվյալները հիմնված են արբանյակային լուսանկարների վրա։

Նաև պնդել է, որ «ադրբեջանական իշխանությունները, իմանալով ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին սպասվող ԹՐԻՓԻ-ի (TRIPP՝ The Trump Route for International Peace and Prosperity)՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, արագ նախաձեռնել են այդ գործողությունները»։ Թաթոյանի խոսքով՝ դա արվել է այն հաշվարկով, որ «ստորագրումից հետո չեն կարող նման քայլերի դիմել»։ Ըստ Թաթոյանի՝ խոսքը վերաբերում է, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությանը և Վայոց ձորի մարզի Ջերմուկի հատվածին, որտեղ ադրբեջանական ուժերը նոր դիրքեր և ինժեներական կառույցներ են կառուցել։

Նույն օրը՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, հակադարձել է Թաթոյանի պնդումներին՝ նշելով, որ «նա ստում է»։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է Արման Թաթոյանի ներկայացրած ապացույցները։ 

Վարդենիս․ Սոթքի հանքավայրի մոտ ադրբեջանական դիրքի տեղակայումը

Արման Թաթոյանը որպես «նոր ներխուժման» առաջին օրինակ ներկայացնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ Սոթքի հանքավայրի հարակից հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերից մեկը (կոորդինատները՝ 40.18816° N, 45.97800° E)։

«Սա նոր դիրքն է։ Ընդ որում, տեսնում ենք ժամանակահատվածը՝ մինչև հուլիսի 31-ը 2025-ը, այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների: Եվ արբանյակային լուսանկարներով այս դիրքի տեղակայումը մենք տեսնում ենք՝ տեղի է ունեցել ընդամենը մինչև օգոստոսի 19-ի դրությամբ»,- պնդել է Թաթոյանը։ 

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարի խոսքով՝ այդ հատվածում ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածք էին ներխուժել 2020-ից հետո, իսկ այժմ խոսքը վերաբերում է նույն հատվածում տեղակայված նոր դիրքի կառուցմանը։

«Սա արդեն նոր դիրքի տեղակայում է՝ ՀՀ տարածքից ներս՝ ներխուժում ՀՀ սահման»,- նշում է Թաթոյանը։

Էկրանապատկերում՝ Արման Թաթոյանի ներկայացրած հատվածը Սոթքի հանքավայրի մոտ

#CivilNetCheck-ը դեռ ամիսներ առաջ հետաքննություն էր հրապարակել հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ադրբեջանական դիրքերի տեղակայման և Հայաստանի տարածքների օկուպացիայի վերաբերյալ։ Ուսումնասիրության շրջանակում որպես իրավական (դե յուրե) սահման օգտագործել էինք Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1:100,000 մասշտաբի 1970–80-ական թվականների տեղագրական քարտեզները, որոնց հիման վրա սահմանագիծը վերարտադրել և տեղադրել էինք Google Earth հարթակում։

Տես՝ Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով

Այդ ուսումնասիրության մեջ անդրադարձել էինք նաև Թաթոյանի նշած դիրքին։ Sentinel-2 արբանյակների պատկերները ցույց են տալիս, որ 2025-ի հուլիսի 27-ից տվյալ հատվածում սկսվել են ճանապարհաշինական աշխատանքներ, իսկ օգոստոսի 19-ի դրությամբ դիրքն արդեն պատրաստ էր։

Ինչպես իր խոսքում էլ նշել է Թաթոյանը, 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին իրականացված ագրեսիաների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը տվյալ հատվածում արդեն ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրա ներկայացրած նոր դիրքը գտնվում է այդ ժամանակ առաջ եկած ավելի խոր ադրբեջանական դիրքերից հետ՝ նույն ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանագծի վրա։ Այդ հատվածից ադրբեջանական կողմը դեռ այն ժամանակվանից վերահսկողության տակ էր պահում թե՛ հայկական դիրք տանող ճանապարհը, թե՛ Սոթք բնակավայրը։

Ըստ այդմ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով սահմանված իրավական սահմանից մինչև ադրբեջանական այս դիրքի վերջնամասը ՀՀ տարածքի ներսում կազմում է 46 մետր, իսկ մինչև դիրքի արևելյան անկյունը (ԱՀ Դ-2)՝ 55 մետր։ Դիրքի մյուս անկյունները գտնվում են ադրբեջանական կողմում։

Էկրանապատկերում՝ Գեղարքունիքի մարզում Արման Թաթոյանի ներկայացրած դիրքի հատումները ՀՀ իրավական սահմանի նկատմամբ

Այս դիրքից շուրջ 300 մետր հեռավորության վրա գտնվում է հայկական դիրքը, որի կրակային կետերը չեն հատում դե յուրե սահմանը։

Փաստացի այս հատվածում ադրբեջանական կողմը Թաթոյանի նշած ժամանակահատվածում նոր դիրք է կառուցել սահմանագծի ադրբեջանական կողմում, սակայն դրա մի հատվածը հատում է ՀՀ իրավական սահմանը։

Ճանապարհի կառուցման պնդումը

Վարդենիսի ուղղությամբ տվյալների ներկայացումը շարունակելով՝ Թաթոյանը նշում է, որ ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքում բարելավել է դեպի իր դիրքեր տանող ճանապարհները։

«Դուք տեսնում եք ճանապարհը, որ նրանք նոր կառուցել են՝ դեպի իրենց դիրքեր գնացող […]: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ այս ամբողջը […] հուլիսի 31-ից հետո ունեցած բարելավումներ են»,- նշում է Թաթոյանը՝ ցույց տալով նոր կառուցված ճանապարհը։

Ճանապարհն (կոորդինատները՝ 40.18082° N, 45.95614° E) իսկապես նոր է. այն կառուցվել է Ադրբեջանի՝ ավելի վաղ հարձակման հետևանքով առաջխաղացած հատվածում, որը գտնվում է ադրբեջանական դիրքների վերահսկողության տակ։ #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճանապարհի կառուցումը սկսվել է 2025-ի օգոստոսի 8-ից հետո։ Արբանյակային լուսանկարներում այն մասնակի տեսանելի է արդեն օգոստոսի 19-ից։

Սահմանին մոտ կառուցված թաքստոցները

Նախկին օմբուդսմենը խոսել է նաև Վարդենիսի հատվածում Ադրբեջանի կառուցած «հատուկ թաքստոցների» մասին։ Նրա խոսքով՝ դրանք գտնվում են Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի մետր այն կողմ (կոորդինատները՝ 40°10’16.07″N 45°58’22.47″E)։

«Մինչև հուլիսի 31-ը (2025 խմբ.) սրանք գոյություն չեն ունեցել։ Օգոստոսի մինչև 19-ը արդեն արբանյակային լուսանկարներում նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ»- ասել է Թաթոյանը։

Էկրանապատկերում՝ Արման Թաթոյանը ներկայացնում է Վարդենիսի հատվածում կառուցված թաքստոցները

Իրականում Թաթոյանի նշած ամրաշինական կառույցները գոյություն են ունեցել նաև մինչև 2025-ի հուլիսը։ Դրանք հստակ տեսանելի են, օրինակ, 2025-ի հունիսի 19-ի արբանյակային լուսանկարներում։

Էկրանապատկերը՝ Planet.com-ից 

Ադրբեջանական կողմը այս հատվածում դիրք էր կառուցել դեռևս 2022-ին, իսկ Թաթոյանի նշած թաքստոցները կառուցվել են այդ դիրքին կից՝ առանց իրավական սահմանը հատելու։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ ավելի վաղ կառուցված այդ դիրքի խրամատների մի մասը հատում է ՀՀ իրավական սահմանը։

Բացի այդ, մեր նախորդ հետաքննությունը ցույց էր տվել, որ Ադրբեջանը այս հատվածում ավելի խոր դիրքեր ունի ՀՀ տարածքում, իսկ նշված թաքստոցները գտնվում են դրանց թիկունքում։

Ջերմուկ. ադրբեջանական ամրաշինական կառույցները

Հաջորդիվ Արման Թաթոյանն անդրադառնում է Ջերմուկի հատվածում 2022-ի սեպտեմբերյան ներխուժումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գոտում կատարված փոփոխություններին։

Նախկին օմբուդսմենը ներկայացնում է այդ հատվածում՝ ադրբեջանական դիրքեր տանող ճանապարհի հարակից տարածքում իրականացված աշխատանքները (կոորդինատները՝ 39°56’12.91″N, 45°45’27.83″E)։

«Նրանք այստեղ կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր։ Սրանք հասարակ ինժեներական աշխատանքներ չեն, այլ արված են հատուկ նպատակով՝ Ջերմուկի անմիջական հարևանությամբ, մեր ինքնիշխան տարածքում։ Մինչև օգոստոսի 4-ը (2025-խմբ.) սրանք արդեն հատուկ կառուցվել են, ընդ որում՝ շատ արագ, ակնհայտ երևում է՝ հապշտապ սկզբունքով»,- ասում է Թաթոյանը։

Էկրանապատկերում՝ Թաթոյանը ներկայացնում է Ջերմուկի հատվածում կառուցված ամրաշինական կառույցները

Սակայն արբանյակային լուսանկարները փաստում են, որ այս ամրաշինական կառույցների շինարարությունը սկսվել է 2024-ի ամռանը, և դրանք արդեն ամբողջությամբ տեսանելի են նույն տարվա օգոստոսին։ 

Այս կառույցները նույնպես գտնվում են ՀՀ դե յուրե տարածքում, սակայն այն հատվածում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2022-ի ներխուժումից հետո։ Հատկանշական է, որ դրանցից դեպի Ջերմուկ ադրբեջանական կողմը ունի ավելի առաջ տեղակայված դիրքեր։

Կարմիրով նշված են Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը և փաստացի վերահսկվող տարածքը, իսկ դեղինով՝ Թաթոյանի նշած ամրաշինական կառույցների կոորդինատը։

Երկու դիրքերում աշխատանքները

Հաջորդիվ Թաթոյանը խոսում է Ջերմուկի հատվածի զավթված տարածքում տեղակայված երկու դիրքում ամրաշինական աշխատանքների մասին՝ նշելով, որ դրանք էլ «հապշտապ են» կառուցվել։ Այս դեպքում նա հստակ ժամանակագրություն չի նշում, սակայն ներկայացումից տպավորություն է ստեղծվում, թե դրանք նույնպես իրականացվել են 2025-ի հուլիս–օգոստոս ամիսներին։

Այս դիրքերը նոր չեն։ Դրանք նախկինում բազմիցս քննարկվել են և արբանյակային պատկերներում տեսանելի են առնվազն 2023-ից (կոորդինատներ՝ 39°54’28.61″N, 45°43’0.41″E և 39°54’18.69″N, 45°42’58.04″E)։

Ինչ վերաբերում է ամրաշինական աշխատանքներին, ապա Թաթոյանի ցուցադրած կառույցները արբանյակային պատկերներում տեսանելի են արդեն 2025-ի հունիսի դրությամբ, և դրանից հետո տվյալ հատվածում նոր փոփոխություններ չեն եղել։ 

Հարկ է նշել, որ 2021-ից սկսված հարձակումների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀՀ տարածքներում իրականացվել են լայնածավալ ամրաշինական և ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնց մասին CivilNetCheck-ը բազմիցս գրել է։

Այսպիսով, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թաթոյանի ներկայացրած օրինակների մի մասը իսկապես վերաբերում է Հայաստանի դե յուրե տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերին կամ կառուցվածքներին։ Սակայն դրանց զգալի մասը չի կառուցվել 2025-ի հուլիս–օգոստոս ամիսներին, այլ գոյություն է ունեցել ավելի վաղ։ Այդ պատճառով դրանք կապել ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի հետ և ներկայացնել որպես այդ ժամանակահատվածում իրականացված գործողություններ մոլորեցնող է։

Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պնդումն էլ, թե Թաթոյանը «ստում է», չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկայացված դեպքերում ադրբեջանական կողմը տվյալ հատվածներում իսկապես իրականացրել է աշխատանքներ, սակայն դրանցից որոշների ժամանակագրությունն է սխալ ներկայացվել։

The post Թաթոյանի պնդումները և Պապիկյանի հերքումը. ինչ են ցույց տալիս արբանյակային պատկերները appeared first on CIVILNET.

Leave a comment