Չարաշահումներ և կաշառքի դեպքեր Մանկավարժական համալսարանում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործով անցնող 10 անձի, այդ թվում՝ բուհի նախկին ռեկտորի և պրոռեկտորի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան։

Հակակոռուպցիոն կոմիտեից մարտի 9-ին հայտնում են, որ ըստ քննության տվյալների՝ համալսարանի պրոռեկտորը, ռեկտորի գիտությամբ, կաշառք է պահանջել և ստացել տրանսպորտային բաժնի պետից և «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենից։ Գումարները պահանջվել են հյուրերի ընդունման և հանգստի կազմակերպումից ստացված միջոցները տնօրինելու, ինչպես նաև համալսարանի ենթակայությամբ գործող ՍՊ ընկերությունն ապօրինի ղեկավարելու հնարավորություն տալու դիմաց։

Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձինք որպես կաշառք ստացել են շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ։ Բացի այդ, արձանագրվել են լիազորությունների չարաշահման հետևանքով ևս 12 միլիոն դրամի հափշտակության դեպքեր։ Ընդհանուր առմամբ, բուհի հաշվեկշիռ չի մուտքագրվել մոտ 30 միլիոն դրամ։

Նախկին ռեկտորին և պրոռեկտորին մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածներով։ Գործով անցնող ևս 8 աշխատակից մեղադրվում է կաշառք տալու, օժանդակելու և հափշտակությունների համար։ Քրեական վարույթի նյութերն արդեն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

The post Չարաշահումներ և կաշառքի դեպքեր Մանկավարժական համալսարանում appeared first on CIVILNET.

Leave a comment