Թուրքիան հայտնել է երկրի հարավ-արևելքում Իրանի ևս մեկ հրթիռ խոցելու մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հաստատել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը որսացել են ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները, իսկ բեկորներն ընկել են Գազիանթեփի դատարկ հողատարածքների վրա։ Սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն է։

«Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից»,- ասվում է X-ում հայտարարության մեջ։

Հաստատումը ստացվել է Գազիանթեփի Գյունեյշեհիր շրջանում կասկածելի հրթիռային բեկորների հայտնաբերման մասին ավելի վաղ հաղորդագրություններից հետո, որտեղ ժանդարմերիայի ուժերը շրջափակել էին տարածքը և հետաքննություն սկսել։

«Ռազմամթերքի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի դատարկ հողերի վրա։ Զոհեր կամ վիրավորներ չկան։ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը։ Այնուամենայնիվ, մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն վճռականորեն և առանց վարանելու՝ մեր երկրի տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ։ Մենք նաև վերահաստատում ենք, որ բոլորի շահերից է բխում՝ ուշադրություն դարձնել Թուրքիայի նախազգուշացումներին այս առումով»,- նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի ղեկավար Բուրհանեթթին Դուրանը միջադեպից հետո հայտարարություն է տարածել X-ի վերաբերյալ։

«Իրանից մեր երկրի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է Գազիանթեփի Շահինբեյ շրջանի երկնքում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության տարրերի կողմից։ Միջադեպի ընթացքում մարդկային կորուստներ կամ վիրավորներ չեն եղել։ Այս զարգացումը մեր բոլոր հաստատությունների ուշադրության կենտրոնում է առաջին իսկ պահից, անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ պաշտպանական և անվտանգության միջոցառումներ»,- նշել է նա։

Պետության վճռականությունն ու կարողությունը՝ պաշտպանելու Թուրքիայի օդային տարածքը և սահմանային անվտանգությունը, գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, հավելել է նա։

«Շատ կարևոր է, որ տարածաշրջանում լարվածությունը չսրվի, և հակամարտությունները չտարածվեն ավելի լայն տարածք։ Մենք կրկին վճռականորեն կրկնում ենք մեր նախազգուշացումը բոլոր կողմերին, մասնավորապես, Իրանին, զերծ մնալ գործողություններից, որոնք վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է Դուրանը։

Անցյալ շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգը ոչնչացրել է իրանական հրթիռ, որը թռչում էր դեպի իր օդային տարածք։

Իր հերթին, Իրանը հերքել է ինչպես Թուրքիայի ուղղությամբ հրթիռի, այնպես էլ Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment