Իրանը նոր հոգևոր առաջնորդ է ընտրել

Իրանի Փորձագետների խորհուրդը երկրի նոր Գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ 

56-ամյա Մոջթաբա Խամենեիի թեկնածությունը հաստատվել է մարտի 8-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ օդային հարվածների հետևանքով զոհվել էր նրա հայրը, ինչը հանգեցրել է տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի։

Իրանի ուժային կառույցները, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և զինված ուժերը, արդեն հայտարարել են նոր առաջնորդին իրենց լիակատար աջակցության մասին։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոչ են արել համախմբվել Մոջթաբա Խամենեիի շուրջ՝ նշելով, որ դա կրոնական և ազգային պարտք է պետության համար ստեղծված ճգնաժամային պայմաններում։

Մոջթաբա Խամենեին նախկինում երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել և չի մասնակցել ընտրությունների, սակայն տասնամյակներ շարունակ առանցքային ազդեցություն է ունեցել հոր ներքին շրջապատում և սերտ կապեր է պահպանել ԻՀՊԿ-ի հետ։ Վերլուծաբանները նրա ընտրությունը դիտարկում են որպես իշխող համակարգի կոշտ թևի հաղթանակ, ինչը նվազեցնում է մոտ ապագայում բանակցությունների կամ զիջումների հավանականությունը։ Փորձագետների բնորոշմամբ՝ նոր առաջնորդը որդեգրել է իր հոր անզիջում դիրքորոշումը ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։

Փորձագետների խորհրդի անդամ Հեյդարի Ալեքասիրը պարզաբանել է, որ ընտրությունը կատարվել է հաշվի առնելով հանգուցյալ առաջնորդի խորհուրդը, ըստ որի՝ երկրի ղեկավարը պետք է լինի «թշնամու կողմից ատված» անձ։ Այս նշանակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի ռազմական ղեկավարության նախազգուշացումների ֆոնին, որոնք կասկածի տակ էին դնում նոր առաջնորդի լեգիտիմությունն ու անվտանգությունը։

***

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Իրանը նոր հոգևոր առաջնորդ է ընտրել appeared first on CIVILNET.

Leave a comment