«Փաշինյանի արևմտյան տերերը … փորձելու են ամեն ինչ անել՝ խափանելու Սամվել Կարապետյանի հաղթանակը». Լևոն Տեր-Պետրոսյան

«Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ». Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը։

«…նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ՝ անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին»,- գրել է Տեր-Պետրոսյանը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է մեկանգամընդմիշտ գիտակցել, որ «Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արևմտյան երկրներն են (բացառությամբ Ֆրանսիայի, որի հետ մեր հումանիտար և մշակութային հարաբերությունները հաստատվել են դեռևս 20-րդ դարի սկզբին), այլ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը»։ Առաջին նախագահի խոսքով՝ հուսադրիչ են նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ խորացող անկեղծ և ջերմ հարաբերությունները։  

. . .

Հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, որին բացի իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք այլ ուժեր։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի փետրվարին անցկացրած հարցման՝ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղում է (9%)՝ իշխող կուսակցությունից հետո (24%)։

Տե՛ս՝ Ո՞ւմ կքվեարկեին հայաստանցիները, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի. IRI-ի հարցումը 

Ազատություն ռադիոկայանի եվրոպական ծառայությունը անցյալ ամսվա վերջին գրել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է աջակցել Հայաստանին 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական հնարավոր միջամտությունը չեզոքացնելու համար։ Նախատեսվում է նախ Երևան ուղարկել արագ արձագանքման հատուկ խումբ, որը կզբաղվի ռուսական ապատեղեկատվության բացահայտմամբ և հակազդմամբ սոցիալական ցանցերում։ Նման մեխանիզմ արդեն կիրառվել էր Մոլդովայում, որը Բրյուսելում գնահատվել է արդյունավետ։ 

Հոդվածի համաձայն՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին դիմել է Բրյուսելին՝ խնդրելով այդպիսի թիմ ուղարկել Երևան։ ԵՄ-ում քննարկվում է նաև ավելի երկարաժամկետ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որը կզբաղվի հիբրիդային սպառնալիքներով և ընտրական գործընթացի պաշտպանությամբ։ Նոր առաքելությունը կարող է գործարկվել մինչև մայիսի 4-ին նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում։

The post «Փաշինյանի արևմտյան տերերը … փորձելու են ամեն ինչ անել՝ խափանելու Սամվել Կարապետյանի հաղթանակը». Լևոն Տեր-Պետրոսյան appeared first on CIVILNET.

Leave a comment