Ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի շուրջ պատերազմը Թուրքիայի համար. Stratfor-ի գնահատականը

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը ուրբաթ հրապարակած հոդվածում գրում է, որ Իրանի շուրջ ընթացող ռազմական սրացումը Թուրքիայի համար անմիջական ռազմական թիրախավորման բարձր հավանականություն չի ստեղծում, սակայն Անկարան արդեն բախվում է անվտանգության, միգրացիոն և էներգետիկ լուրջ ռիսկերի։ 

Ըստ Stratfor-ի՝ տարածաշրջանի մյուս ազդեցիկ երկրի՝ Եգիպտոսի համար հետևանքները հիմնականում վերաբերում են էներգետիկ մատակարարումների խաթարմանը, մինչդեռ Թուրքիայի դեպքում ռիսկերի շրջանակը ավելի լայն է՝ պայմանավորված աշխարհագրական մերձավորությամբ, Իրանի հետ ցամաքային սահմանով և տարածաշրջանային ռազմավարական դիրքով։

Stratfor-ի գնահատմամբ՝ մարտի 4-ին Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ արձակված իրանական բալիստիկ հրթիռը, որը խոցվել էր ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, ցույց տվեց, որ նույնիսկ եթե Իրանը խուսափում է Թուրքիայի դեմ ուղիղ հարվածներից, անվտանգության ռիսկը արդեն իրական է։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը միջադեպից հետո հայտարարեց, որ պահպանում է ինքնապաշտպանության իրավունքը և շարունակելու է ուժեղացնել սահմանային վերահսկողությունը։

Վերլուծական կենտրոնը նշում է, որ Թուրքիայի նկատմամբ Իրանի զգուշավորությունը մասամբ պայմանավորված է ՆԱՏՕ-ի անդամակցությամբ։ Իրանի համար Թուրքիայի դեմ ուղիղ հարվածը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հավաքական արձագանքի և հակամարտության ընդլայնմանը դեպի Եվրոպա։ Այդուհանդերձ, Թուրքիայի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները շարունակում են երկիրը պահել հնարավոր սպառնալիքների շարքում։ Մասնավորապես, Ինջիրլիկի ամերիկյան ռազմաբազայում տեղակայված է շուրջ 1500 ամերիկացի զինծառայող, իսկ Քյուրեչիկի ռադիոտեղերոշիչ կայանը (Kürecik Radar Station) վաղուց է Իրանի դժգոհությունը հարուցում։

Stratfor-ը հատուկ ուշադրություն է դարձնում Թուրքիայի արևելյան սահմանին։ Իրանի հետ շուրջ 560 կմ ընդհանուր սահմանը Թուրքիային դարձնում է հնարավոր միգրացիոն ճնշման առաջնային ուղղություն։ 

Ըստ հրապարակման՝ պատերազմի առաջին օրերին արդեն հարյուրավոր իրանցիներ հատել են թուրքական սահմանը՝ փորձելով հեռանալ ռազմական գոտուց։ Թուրքիայում, որտեղ արդեն առկա են ուժեղ հակափախստական տրամադրություններ, նման հոսքերի աճը կարող է վերածվել ներքաղաքական նոր ճնշման աղբյուրի։ Այդ պատճառով Անկարան արդեն սահմանափակել է Իրանի քաղաքացիների մուտքը կարճաժամկետ ցամաքային անցումներով և կարող է հետագայում էլ ավելի խստացնել սահմանային ընթացակարգը։

Մեկ այլ ռիսկ, ըստ Stratfor-ի, կապված է քրդական ուղղության հետ։ Մարտի սկզբին մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ ԱՄՆ-ն և Իրանի քրդական խմբերը քննարկում են Իրանի անվտանգության ուժերի դեմ հնարավոր գործողություններ։ Եթե նման սցենար զարգանա, Թուրքիան դա կարող է ընկալել որպես նոր սպառնալիք սեփական սահմանների համար՝ հաշվի առնելով քրդական զինված խմբերի ակտիվացման հանդեպ Անկարայի զգայունությունը։

Էներգետիկ ոլորտում Թուրքիայի գլխավոր խոցելիությունը կապված է իրանական գազի հետ։ Իրանից ներկրվող գազը կազմում է Թուրքիայի բնական գազի ընդհանուր ներմուծման մոտ 13 տոկոսը։ Եթե պատերազմը երկարաձգվի և Իրանը կրճատի արտահանումը՝ ներքին պահանջարկը առաջնահերթ դարձնելու համար, Թուրքիան ստիպված կլինի լրացուցիչ հեղուկացված բնական գազ ձեռք բերել միջազգային շուկայից՝ ավելի բարձր գնով։ Դա կարող է նոր ճնշում ստեղծել թուրքական տնտեսության վրա և բարդացնել գնաճի դեմ պայքարը։

Stratfor-ը հիշեցնում է, որ Թուրքիայի և Իրանի միջև գործող գազային պայմանագիրը ավարտվում է 2026-ի կեսին, և ներկայիս ճգնաժամը կարող է արագացնել Թուրքիայի երկարաժամկետ էներգետիկ բազմազանեցումը՝ Իրանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Stratfor-ի վերլուծաբանները նշում են, որ պատերազմը կարող է ազդեցություն ունենալ նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա։ Անկարան, հավանաբար, ավելի զգուշավոր կդառնա Իսրայելի տարածաշրջանային գործողությունների նկատմամբ և կփորձի ուժեղացնել իր դիրքերը Սիրիայում ու Մերձավոր Արևելքի այլ հատվածներում՝ սեփական ազդեցությունը պահպանելու համար։ Միևնույն ժամանակ, Թուրքիան կշարունակի խուսափել ուղիղ ռազմական ներգրավումից՝ փորձելով հավասարակշռել հարաբերությունները ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանի այլ դերակատարների միջև։

The post Ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի շուրջ պատերազմը Թուրքիայի համար. Stratfor-ի գնահատականը appeared first on CIVILNET.

Leave a comment