Իրանում հնարավոր անկայունությունը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար։ Այս մասին մարտի 7-ին իր դաշինքի կողմից նախաձեռնած փոդքասթում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա։
Քոչարյանի խոսքով՝ Իրանում էթնիկ հակամարտությունների կամ ներքին անկայունության սցենարը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգության վրա։
«Հիմա պատկերացրեք էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում։ Ինչի՞ կարող է դա բերել․ 17-ից 20 միլիոն ադրբեջանցիներ և այլ ազգություններ․․․ Սա ուղղակի գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար, ոչ թե այսպես մի թեթև անկայունություն․․․»,- նշել է նա։
Քոչարյանը հավելել է, որ Իրանի հետ խնդիրները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության և հաղորդակցության ուղիների համար։
«Նայեք, մենք բավական մեծ ծավալի առևտուր ունենք, օրինակ, Միացյալ Էմիրությունների հետ։ ․․․ Զգալի ծավալի ապրանքատեսակներ գալիս են Էմիրություններից և գալիս են մեծ ֆուռերով՝ Իրանի տարածքով։ Ի՞նչ է լինելու այդ ծավալների հետ»։
Քոչարյանն ընդգծել է, որ Իրանի տարածքը կարևոր է նաև ռազմատեխնիկական համագործակցության համար, քանի որ, օրինակ, Հնդկաստանից Հայաստան զենքը ներկրվում է նաև Իրանի տարածքով։
Նա քննադատել է Հայաստանի գործող իշխանություններին՝ տարածաշրջանային զարգացումներին բավարար ուշադրություն չդարձնելու համար։
«Այս վիճակում Հայաստանը պետք է ուղղակի լրջագույն քայլերի դիմի։ Առաջինը՝ խուսափելու համար խոշոր պետությունների շահերի բախման կետում հայտնվելուց։ Մեր թեզը մշտապես ո՞րն էր՝ մի հայտնվեք խոշոր պետությունների շահերի բախման կետում, լավ տեղ չի դա հեչ»- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը որպես հարևան երկիր պետք է անի ամեն ինչ՝ պատերազմն օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ։
«Ի՞նչ է արվում։ Փորձել են զանգել, ինչ-որ առաջարկներ անել, մենք հարևան երկիր ենք։ Մեր չափով, ոչ բյուջեով, մենք Կատարից, Քուվեյթից մեծ ենք։ Մեր շահերը վտանգված են։ Մենք պետք է մի դիրքորոշում որդեգրե՞նք, թե՞ չէ։ Մենք պետք է փորձենք նաև եվրոպացիների, Միացյալ Նահանգների հետ խոսել՝ մեր ձայնը լսելի դարձնելու համար, և ասել՝ ստոպ, էս ու՞ր եք տանում։ Դե մարդը զբաղված է, քարոզարշավ է անում»,- ասում է Քոչարյանը։
The post Իրանում հնարավոր անկայունությունը «գոյաբանական սպառնալիք» է Հայաստանի համար․ Քոչարյան appeared first on CIVILNET.