ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի ծառայողական անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը

Քաղաքականություն

06.03.2026 | 19:39

Եվրամիությունը կասեցրել է վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: Առանց վիզայի ռեժիմը  շարունակում է ուժի մեջ մնալ սովորական քաղաքացիների համար, գրում է The Insider-ը։

ԵՄ-ն որոշումը բացատրել է Վրաստանի կողմից իր վիզային քաղաքականությունը սեփական քաղաքականությանը համապատասխանեցնելուց հրաժարվելով և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտմամբ։

«Վրացական իշխանությունների 2024 թվականի հոկտեմբերից ի վեր ձեռնարկված գործողությունները, այդ թվում՝ բողոքի ցույցերի, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների ճնշումը, բացասաբար են ազդել Վրաստանում տիրող իրավիճակի վրա և հանգեցրել են մի շարք հիմնարար իրավունքների և միջազգային իրավական նորմերի խախտման։ Վրաստանը նաև հրաժարվել է համապատասխանել ԵՄ վիզային քաղաքականությանը, որը վիզային ռեժիմի պահպանման նախապայման է»,- ասվում է հայտարարության մեջ։

Սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև 2027 թվականի մարտի 6-ը։ Ըստ Եվրոպական հանձնաժողովը՝ եթե Վրաստանի իշխանությունները չկարողանան լուծել կառավարման և օրենքի գերակայության հետ կապված հարցերը, միջոցառումները կարող են երկարաձգվել ևս երկու տարով։

Ավելի վաղ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ վիզային նոր մեխանիզմը պետք է խրախուսի Վրաստանին՝ վերադառնալ Եվրամիության հետ ինտեգրման ուղուն։

2017 թվականից ի վեր Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն կենսաչափական անձնագրեր, օգտվում են Շենգենյան երկրներ առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքից: 2014 թվականին Վրաստանը և ԵՄ-ն ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, իսկ 2023 թվականին Վրաստանը ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վատթարացել են Վրաստանի ներկայիս կառավարության կողմից Ռուսաստանի հետ մերձեցման, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման և ընդդիմության ու քաղաքացիական հասարակության վրա ճնշման պատճառով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment