ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների նոր փոխանակում են իրականացրել՝ «300-ը 300-ի դիմաց» բանաձևով

Քաղաքականություն

06.03.2026 | 16:11

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։ Ուկրաինայից վերադարձվել է 300 ռուս զինծառայող, նույնքան ուկրաինացի զինծառայող էլ՝ Ռուսաստանից։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ԱՄԷ-ն և Միացյալ Նահանգները մարդասիրական միջնորդական ջանքեր են գործադրել փոխանակման ընթացքում»։

«Ռուսաստանի գերությունից տուն են վերադառնում ևս 300 ուկրաինացի պաշտպաններ։ Այսօր նաև երկու ուկրաինացի քաղաքացիական անձինք են վերադարձվել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Մարտի 5-ին 200 ռուս և 200 ուկրաինացի ռազմագերիների փոխանակում էր իրականացվել։

Փոխանակման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Ժնևում եռակողմ բանակցությունների ժամանակ։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նախորդ օրը հայտարարել էր, որ գերիների փոխանակումը տեղի կունենա երկու օրվա ընթացքում՝ 500-ը 500-ի դիմաց սկզբունքով։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի և սահմանապահ ծառայության զինծառայողներ են վերադարձվել հայրենիք։

«Նրանց մեծ մասը գերության մեջ էր ավելի քան մեկ տարի, որոշները՝ 2022 թվականից»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment