Ադրբեջանը հայտարարել է իր դիվանագետներին Իրանից տարհանելու մասին. Reuters

Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան և Թավրիզում հյուպատոսության աշխատակիցներին


ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանը տարհանում է իր դիվանագետներին Իրանից՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է Reuters-ը։


Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան և Թավրիզում հյուպատոսության աշխատակիցներին:


«Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով հանձնարարականներ են տրվել Իրանից տարհանել Թեհրանում մեր դեսպանությունը և Թավրիզի գլխավոր հյուպատոսությունը, և այդ հանձնարարականներն արդեն իսկ իրականացվում են: Մենք չենք կարող վտանգի ենթարկել մեր մարդկանց կյանքը», – ասել է նա:


Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը Բաքուն հայտարարեց, որ իրանական չորս անօդաչու թռչող սարքեր հատել են սահմանը և վիրավորել չորս մարդու Նախիջևանի անկլավում:


Մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել։ Անօդաչուներից մեկը բախվել է օդանավակայանին, ևս մեկը ընկել է Շաքեյաբադ գյուղի դպրոցի մոտ։ Արդյունքում չորս մարդ վիրավորվել է, հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։


Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր երկրի լիակատար մարտական պատրաստության մասին։


Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան կհանձնվի բողոքի նոտա, ձեռնարկվում են նաև դիվանագիտական այլ քայլեր։ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և բոլոր հատուկ նշանակության ուժերը «բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի»։


Իրանի տարածքից Նախիջևանի ուղղությամբ արձակված ԱԹՍ–ներից մեկն ընկել է դպրոցի մոտ, մյուսը՝ օդանավակայանի տերմինալի շենքի վրա, երկու մարդ տուժել է։


Այնուհետև Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին։

Leave a comment