Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում վերջին օրերին տարածվում է լուսանկար, որը ներկայացվում է որպես Իրանի Մինաբ քաղաքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված աղջիկների հուղարկավորությունից կադր։ Իրանի հայտնած տվյալներով՝ մարտի 1-ին դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 160 երեխա։
Դեպքը լայնորեն լուսաբանվել է, և հուղարկավորությունից բազմաթիվ կադրեր են տարածվել, սակայն սոցցանցերում տարածվող այս լուսանկարը իրական չէ։
Ավելի վաղ #CivilNetCheck-ը գրել էր ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ տարածվող կեղծ կամ մանիպուլյատիվ կադրերի մասին։ Ստորև ներկայացնում ենք ևս մի քանի օրինակ։
Արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր՝ «ողբերգության մասշտաբը ցույց տալու համար»
Լուսանկարը հրապարակած օգտատերը X (նախկին Twitter) հարթակում մեկնաբանություններում նշել է, որ այն գեներացրել է արհեստական բանականությամբ՝ «սիմվոլիկորեն ցույց տալու ողբերգության մասշտաբը»։
Բացի այդ, պատկերը նաև պարունակում է արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկարներին բնորոշ մի շարք նշաններ։ Օրինակ՝ նույն աղջկա լուսանկարը կրկնվում է և այլն։
Ստորև ներկայացված են Մինաբում տեղի ունեցած հուղարկավորությունից իրական կադրերը։
Կեղծ լուսանկար. «Քաթարում ամերիկյան ռադարներ են ոչնչացվել»
Մի շարք կայքեր, հղում անելով Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինին, գրել են, թե Քաթարում ոչնչացվել են ամերիկյան ռադարներ։ Գրառումներին կցված է լուսանկար, որը ներկայացվում է որպես ռադարի՝ ոչնչացումից առաջ և հետո արված կադրերի համադրություն։
Իրանն իսկապես հարվածել է Քաթարի Ալ Ուդեյդ (Al Udeid) ամերիկյան ավիաբազային (կոորդինատները՝ 25.70673518159748, 51.25448652318793)։
Ընդ որում, Իրանը հարվածներ էր հասցրել այս ավիաբազային նաև 2025-ի հունիսին։
Սակայն լուսանկարում օգտագործված կադրերը Քաթարից չեն․ դրանք համապատասխանում են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի ռազմաբազայի արբանյակային պատկերներին (կոորդինատները՝ 26.206960, 50.609708)։
Բահրեյնի ռազմածովային բազան էլ փետրվարի 28-ին Իրանի կողմից հարվածների է ենթարկվել։ Բազայից բարձրացող ծուխը երևում է նաև Planet Labs-ի մարտի 1-ին արված արբանյակային լուսանկարներում։
Սակայն «ոչնչացված ամերիկյան ռադարների» մասին տարածվող լուսանկարը կեղծ է։ «Հարվածից հետո» ներկայացվող կադրը իրականում հիմնված է հին արբանյակային լուսանկարի վրա․ այնտեղ երևում են նույն մեքենաները, որոնք առկա են նաև 2025-ին արված պատկերում։
Կեղծ պնդում, կեղծ լուսանկար. «Սաուդյան Արաբիայում հրդեհվել է Hyatt Regency հյուրանոցը»
Սոցիալական ցանցերում տարածվել է նաև հրդեհվող հյուրանոցի լուսանկար մեկնաբանությամբ՝ իբրև Էր-Ռիադում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով այրվել է Hyatt Regency հյուրանոցը։
Սակայն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող հյուրանոցի իրական լուսանկարի հետ համեմատությունը ցույց է տալիս, որ տարածված լուսանկարը կեղծ է։ Մասնավորապես՝ հրդեհվող պատկերում բացակայում են որոշ շինություններ, որոնք երևում են իրական հյուրանոցի լուսանկարներում։
Կարդացեք նաև՝ Հին ու ԱԲ-ով ստեղծված կադրեր՝ Իրանի շուրջ հակամարտության մասին հրապարակումներում․ Մաս 1
#CivilNetCheck-ը կապ հաստատեց նաև Hyatt Regency Riyadh Olaya հյուրանոցի հետ։ Հյուրանոցի աշխատակիցը հերքեց հարվածի, հրդեհի կամ թիրախավորման մասին լուրերը՝ նշելով, որ հյուրանոցը աշխատել է և շարունակում է աշխատել բնականոն հունով։
Այսպիսով, ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ տարածվող բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր իրականում հին են, նկարահանվել են այլ վայրերում կամ ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
The post ԱԲ լուսանկարներ և հին կադրեր՝ ԱՄՆ–Իսրայել–Իրան հակամարտության մասին հրապարակումներում․ Մաս 2 appeared first on CIVILNET.