Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական անձնակազմն Իրանից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 6-ին Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։
Իսլամական Հանրապետությունը պատասխան գործողություններ է ձեռնարկել՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով տարածաշրջանի ուղղությամբ և հարվածելով Բահրեյնին, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին և այլ երկրների, որտեղ ամերիկյան բազաներ և օբյեկտներ կան տեղակայված։
Բայրամովը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևը որոշել է ամբողջությամբ դուրս բերել դիվանագիտական անձնակազմը Իրանից։
«Այս գործընթացը վերաբերում է և՛ Թեհրանում գտնվող դեսպանատանը, և՛ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությանը։ Այս ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է, որ հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները, մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի։
«Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը տարհանելու համար»,- ասել է նա։
Դիվանագիտական անձնակազմին Իրանից դուրս բերելու մասին Ադրբեջանը հայտարարում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումից մեկ շաբաթ անց։ Այս որոշումը հաջորդել է մարտի 5-ին Նախիջևանի տարածքը, ենթադրաբար, Իրանի կողմից անօդաչուներով թիրախավորման մասին լուրերից հետո։
The post Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական անձնակազմն Իրանից appeared first on CIVILNET.