Դա եղել է նպատակաուղղված հարված․ փորձագետը՝ Իրանի կողմից Նախիջևանի թիրախավորման մասին

Երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) պատահականորեն կրիտիկական ենթակառուցվածքի վրա չեն ընկնում, ասել  է փորձագետը


ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, Սերգել Մելքոնյանը անդրադարձել է Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ արձակած ԱԹՍ-ներին և նշել, որ այն եղել է նպատակաուղված հարված։


«Նախ և առաջ արձանագրենք, որ երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) պատահականորեն կրիտիկական ենթակառուցվածքի վրա չեն ընկնում։ Այսինքն՝ սա եղել է նպատակաուղղված հարված», – նշել է Մելքոնյանը CivilNet-ին տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ չկան նշաններ, որ նպատակ է դրվել ոչնչացնել այդ ենթակառուցվածքը, քանի որ թռիչքուղին չի վնասվել, իսկ օդանավակայանը և տերմինալները կարող են գործել։


«Հետևաբար, մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ սա հիմնականում եղել է կա՛մ նախազգուշացում, կա՛մ ուղերձ (մեսիջ), կա՛մ էլ կանխարգելիչ արձագանք Իրանի կողմից՝ ուղղված Ադրբեջանին», – ասել է փորձագետը։


Մելքոնյանի խոսքով՝ հնարավոր է՝ իրանական կողմը տեղեկություն է ունեցել այն մասին, որ ադրբեջանական օդային տարածքը կարող է օգտագործվել Իրանին հարվածելու համար, ինչպես դա եղավ 2025 թվականի հունիսին, քանի որ հրապարակավ այդ ամենը հերքվում է։


Մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել։ Անօդաչուներից մեկը բախվել է օդանավակայանին, ևս մեկը ընկել է Շաքեյաբադ գյուղի դպրոցի մոտ։ Արդյունքում չորս մարդ վիրավորվել է, հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։


Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր երկրի լիակատար մարտական պատրաստության մասին։


Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան կհանձնվի բողոքի նոտա, ձեռնարկվում են նաև դիվանագիտական այլ քայլեր։ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և բոլոր հատուկ նշանակության ուժերը «բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի»։


Իրանի տարածքից Նախիջևանի ուղղությամբ արձակված ԱԹՍ–ներից մեկն ընկել է դպրոցի մոտ, մյուսը՝ օդանավակայանի տերմինալի շենքի վրա, երկու մարդ տուժել է։


Այնուհետև Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին։

Leave a comment