«63-ը թոշակի տարիք է՞։ Այո, 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է՞ 63-ը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետև ո՞վ ունի կյանքի ու աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը․․․21-րդ դարում 63-ը, 65-ը, 70-ը, 75-ը ի՞նչ տարիք է․․․ 63 տարեկանը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է»։ Այս հայտարարությունը նախորդ տարեվերջին Ազգային ժողովի ամբիոնից արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի միտքը զարգացնելով՝ ավելի ուշ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հավելել էր․ «Այսօր էլ մենք ունենք տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր (հեղ․՝ կենսաթոշակային տարիքի) քաղաքացիներ, որոնք այդ տարիքում աշխատում են, երջանիկ են իրենց աշխատանքով և շարունակելու են իրենց աշխատանքը դեռ երկար տարիներ»։
Ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այս պնդումների հետքերով և գրավոր հարցմամբ դիմել Պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ 63 տարին լրացած աշխատող քաղաքացիների վերաբերյալ՝ վերջին մի քանի տարիների համեմատականով պետական/մասնավոր հատվածների հարաբերակցությամբ և ոլորտային բաշխվածությամբ։
Այսպես, 2025 թվականի ամփոփ տվյալներով Հայաստանում աշխատում է 63+ տարիքի 113 010 քաղաքացի (2024-ին՝ 102 685 մարդ)։
Այս ցուցանիշից՝
- 33․7 տոկոսը բաժին է ընկնում պետական,
- 66․3 տոկոսը՝ մասնավոր հատվածին։
Աճի միտումներ՝ 2021-2025 թթ․-ին
63 և բարձր տարիքի աշխատողների թիվը 2021-2025 թվականներին շարունակաբար աճել է։ Ամենամեծ աճը գրանցվել է 2025 թվականին՝ 10 325 անձով՝ 2024 թվականի համեմատ։
2021-2025 թվականների համեմատությամբ՝
- պետական համակարգում 63+ աշխատողների թիվն ավելացել է 11 754-ով,
- մասնավոր հատվածում՝ 23 605-ով։
Այսպիսով, աճն առավելապես գրանցվել է մասնավոր ոլորտում։
Ո՞ր ոլորտներում են առավելապես ներգրավված
63+ տարիքի անձինք առավելապես ներգրավված են հետևյալ ոլորտներում․
- Կրթություն — 15 261
- Մշակող արդյունաբերություն — 14 845
- Մեծածախ և մանրածախ առևտուր — 12 129
- Շինարարություն — 9 038
- Առողջապահություն — 8 153
- Վարչարարական և օժանդակ գործունեություն — 5 845
- Կացություն և հանրային սննդի կազմակերպում — 5 687
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն — 4 389 մարդ։
*Եթե աշխատակիցն ունի մեկից ավելի գործատու՝ տարբեր գործունեության ոլորտներով, ապա տվյալ աշխատակիցը դիտարկվել է բոլոր համապատասխան ոլորտներում։
63+ տարիքում՝ նաև ձեռնարկատիրություն
2025 թվականի տարեկան տվյալներով կենսաթոշակային տարիքի շուրջ 11 000 անձ զբաղվում է անհատ ձեռնարկատիրությամբ (2024-ին՝ 10325 մարդ):
Նրանց գերակշիռ մասը՝
- 6 344-ը ներգրավված է մեծածախ և մանրածախ առևտրի,
- 1 110-ը՝ մշակող արդյունաբերության,
- 990-ը՝ սպասարկման ծառայությունների,
- 593-ը՝ կացության և հանրային սննդի կազմակերպման,
- 370-ը՝ փոխադրումների և պահեստային տնտեսության,
- 370-ը՝ մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում։
Մարտի 5-ին Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2026 թվականի հունվարին» տարեգրության համաձայն 2025թ․-ի տարեվերջի տվյալներով Հայաստանում տարիքային կենսաթոշակ է ստանում շուրջ 389 000 մարդ։ Վերոնշյալ ցուցանիշների համադրությամբ ստացվում է, որ աշխատում է 63+ տարիքի անձանց շուրջ 29 տոկոսը (113․010 մարդ), իսկ ձեռնարկատիրությամբ զբաղվողները կազմում են մոտ 2․8 տոկոսը (11․000 մարդ)։
Այսպիսով, պաշտոնական տվյալները վկայում են, որ 63 տարեկանից բարձր քաղաքացիների աշխատանքային ակտիվությունը վերջին տարիներին աճում է։ Սակայն, վարչապետի այն դիտարկումը, թե «63-ը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիք է», առնվազն վիճակագրորեն չի արտացոլվում։
Գայանե Մարկոսյան
The post 63+-ը՝ թոշակի՞, թե՞ բիզնես սկսելու լավագույն տարիք. պաշտոնյաների հայտարարությունների հետքերով appeared first on FIP.AM.