«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով անձնական վիրավորանքներ չհնչեցնել ինչպես իրենց, այնպես էլ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին:
Չորեքշաբթի Ռուսաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջել էր ԲԿՄԱ-ին։ Հանդիպումից հետո Սպերցյանը պահանջել էր քննության առնել մոսկովյան ակումբի երկրպագուների պահվածքը՝ «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբայի նկատմամբ հնչած արտահայտությունների կապակցությամբ։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին՝ արժանապատիվ աջակցության համար։ Նաև կցանկանայի խնդրել ձեզ չանցնել անձնական վիրավորանքների. ո՛չ «Կրասնոդարի», ո՛չ էլ մեր մրցակից թիմի խաղացողների ուղղությամբ։ Սա ֆուտբոլ է, և այն կարող է տարբեր լինել, այդ թվում՝ շատ էմոցիոնալ։ Երեկ այդպես ստացվեց, բայց առջևում տնային պատասխան հանդիպումն է: Մենք դեռ կպայքարենք»,- գրել է Սպերցյանն իր Telegram ալիքում:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Կրասնոդարում՝ մարտի 17-ին։