20.01.26 | 13:06
«Երեկ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել»,-գրել է Ցեղասպանության թնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Հիշեցնենք՝ նա երեկ հայտնել էր, որ իր երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Աննա Խաչատրյանի միջնորդությամբ: Դեմոյանն այսօր գրել է. «Ու մինչ դատավոր ՄԱՍԻՍ Մելքոնյանն ընդհուպ կմոտենա ԱՐԱՐԱՏ Միրզոյանին, խուզարկության ժամանակ պատկան մարմիններին ինքնակամ խոստովանեցի, որ 2021-2025 թվականների ընթացքում, վատնելով ընտանեկան բյուջեի սուղ միջոցները, ավելի քան 15 պետական գրադարանների ու թանգարանների ֆոնդերին հանձնել եմ շուրջ 900 թանգարանային արժեքներ՝ ծախսելով մոտ 1 մլն ՀՀ դրամ: Ստորև ներկայացնում եմ այդ հաստատությունների ցանկը. Հայաստանի ազգային արխիվ Հայաստանի ազգային գրադարան Հայաստանի պատմության թանգարան Հայաստանի պետական պատկերասրահ Մատենադարան (15-րդ դարի մագաղաթյա ձեռագրի պատառիկ) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ Գրականության և արվեստի թանգարան Երևան քաղաքի պատմության թանգարան Օրբելի եղբայրների տուն-թանգարան Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, Գյումրի Հովհաննես Շիրազի տուն թանգարան, Գյումրի Գյումրի քաղաքի պատմության թանգարան Իմ կյանքի այս դրվագի մասին , որն ամենօրյա հետաքրքրություն է ու հաճելի աշխատանքային շփում գործընկերների հետ, ես չեմ խոսում ու գրում: Երեկվա խուզարկության ժամանակ ցույց եմ տվել բոլոր այս նվիրատվությունների ստացականները, որոնց իսկությունը կհաստատի հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (հարակից զեկուցող՝ Արայիկ Հարությունյան): Ես ընդամենը կցանկանայի, որ հանրայնացված այս փաստով, իրենք վերջապես հասկանային, թե ով են իրենք և ինչ են իրենցից ներկայացնում և ով եմ ես: Ես խիստ կասկածում եմ, որ Ժաննա Անդրեասյանն ու Արայիկ Հարությունյանը հարկատուների գումարները աստղաբաշխական պարգևավճարների անվան տակ թալանելով գեթ մեկ ցուցանմուշ նվիրած լինեն որևէ հայաստանյան թանգարանի՝ թեկուզ հենց այդ պարգևավճարներից: Առաջարկում եմ քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հատուկ ծիսակարգով պատիժ սահմանել իմ անձի դեմ՝ նման վարքի ու ընտանեկան միջոցների հաշվին պետական շահը սպասարկելու համար: Իսկ Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար: Արայիկ, մրցանակի վրա պատկերված Մասիսը շուռ տված չպետք է լինի: Առաջադրման ու իմ անձի հանրահռչակման կարևոր գործի քավոր եմ նշանակում Պետրոս Ղազարյանին` ԿԳՄՍ նախարարի ամուսնուն, քանի որ նվիրատվությունների մեծ մասը գնացել է իր կնոջ գերատեսչության ենթակայության տակ գտնվող հաստատությունների ֆոնդեր: Գոնե այս կերպ արժանանամ Հանրայինի բաղձալի եթերին… Լավ մնացեք»։