Փաշինյանին վստահում է 18%-ը, Կարապետյանին` 6%-ը, Քոչարյանին 3%-ը. նոր հարցման տվյալներ

Քաղաքականություն

06.03.2026 | 09:54

Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում. ամերիկյան IRI ընկերության կողմից իրականացված հարցման շրջանակներում այս հարցին պատասխանած հայաստանցիների 18 %-ը տվել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։

Փաշինյանն այս ցուցանիշով առաջին տեղում է։

Հարցմանը մասնակցածների 6 %-ի համար վստահելին ռուսաստանաբնակ խոշոր գործարար ՍամվելԿարապետյանն է։ Կարապետյանը 2-րդ տեղում է։

Իսկ ահա 3-րդ տեղում 3% վստահությամբ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Նույնքան վստահություն ունի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հաջորդիվ ամենավստահելին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է, ապա՝ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վստահում է հարցվածների 1 տոկոսը։ Նույնքան վստահություն ունեն նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Վերջին երկուսը առաջիկայում ևս մասնակցելու են ԱԺ ընտրություններին։

Ոչ ոքի չի վստահում հարցվածների 48 տոկոսը, այլ գործչի է վստահում 7 տոկոսը, հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել 9 տոկոսը։

Նշենք, որ այս հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվարի 3-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1506 քաղաքացի։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment