Անուղղելի եմ մնացել, իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել. Արշակ սրբազան

«Շնորհակալ եմ բոլոր գործիչներին, բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում աջակցել են եկեղեցուն, մեր եկեղեցականներին եւ չեն կորցրել հավատն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապօրինաբար հայտնվել են կալանավայրերում:

Կալանավայրերի մասին ասում են՝ ուղղիչ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղղելի եմ մնացել, չեմ «ուղղվել», իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, կալանքից ազատ է  արձակել: Սրբազանը ապօրինի կալանքի տակ էր դեկտեմբերի 5-ից։

Սրբազանը դժվարացավ ասել՝ ազատ արձակումը կապ ունի՞ նախընտրական գործընթացների հետ, բայց ընդգծեց. «Ես միայն գիտեմ, որ այն  ամենը, ինչ վերագրվել է ինձ, բացարձակապես կապ չունի իրականության հետ, եւ ընդամենը փորձ էր ահաբեկելու, վախ ներշնչելու, որն իհարկե որեւէ ազդեցություն չի կարող ունենալ»:

Հարցին՝ ուրա՞խ է, որ մեկուսարանում չէ, սրբազանը պատասխանեց, որ մեկուսարանում էլ էր ուրախ: «Ամենամեծ ափսոսանքն այս պահին այն է, որ Բագրատ Սրբազանը խցում առանձին մնաց, եւ ուզում եմ, որ ամենքս աղոթենք Բագրատ սրբազանի ոգու ամրության, պնդության համար, որն այս ընթացքում չի պակասել: Աստված տա՝ մի օր բոլորս տեսնենք մեր համառ ցանկությունների արդյունքը: Մի բան գիտեմ՝ վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ»:

Ինչ վերաբերվում է կաթողիկոսին եւ այլ հոգեւորականների մեղադրանք առաջադրելուն՝ դատարանի որոշումը չկատարելու հոդվածով, այս մասին էլ  սրբազանն ասաց. «Եկեք մանրամասների մեջ չմտնեմ: Կարող եմ ասել, որ դա հակաեկեղեցական արշավի հերթական  դրսեւորումն է, որն իրենց համար, համոզված եմ, որեւէ արդյունք չի ունենալու»:

Լրագրողի մեկ այլ հարցի՝ իշխանությունների կողմից բանտով, բռնություններով հոգեւորականներին ճնշելը արդյունք կարո՞ղ է տալ, Արշակ սրբազանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Իհարկե, որեւէ մեկս հավակնություն չունենք համեմատվելու Գրիգոր Լուսավորչի հետ, բայց նշեմ, որ Գրիգոր Լուսավորիչը մինչեւ քրիստոնեության պետական կրոն հռչակումը 13-14 տարի Խոր Վիրապում գտնվեց…Յուրաքանչյուր անձ պետք  է պատրաստ լինի իր համոզումների, իր կարծիքի համար վճարելու, անգամ, եթե դա նշանակելու է ազատազրկում»:

Սրբազանը տիրադավ եպիսկոպոսների դարձի գալը որակեց միակ խելամիտ լուծումն այս իրավիճակում: Իսկ ինչո՞ւ է կարգալույծ հռչակված Արման Սարոյանն իրեն այդքան ատում եւ ամենավատ արտահայտություններն անում իր հասցեին: «Յուրաքանչյուր անձի թույլ տված արտահայտությունները բնորոշում են իրեն, լրացուցիչ ջանք չեմ գործադրի ինչ-որ մեկին բնորոշելու համար: Մարդու հանրային վարքագիծը տեսանելի է, դրա համար ես զերծ կմնամ որեւէ գնահատական տալուց, առավել եւս՝ երբ մեր մշակույթում ննջեցյալների մասին ոչինչ խոսելու անհրաժեշտություն չկա»,-ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Հնարավոր  համարո՞ւմ է, որ Վեհափառը եկեղեցի-իշխանություն առճակատման արդյունքում ի վերջո կհեռանա, եւ իշխանությունները կհաղթեն այս կռվում, Արշակ Սրբազանը նման կերպ պատասխանեց. «Ես զերծ կմնայի այս դեպքում հաղթանակ, պարտություն եզրույթների օգտագործումից… Այն ինչ-որ կատարվում է, ուղղակի խայտառակություն է, որ չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին…»:

Ամբողջությամբ՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment