Մենք անցում ենք կատարում ճշգրիտ, կառավարելի և մրցունակ գյուղատնտեսության. Մանավազյանը թվեր է հրապարակել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ գյուղատնտեսության ոլորտը այս կառավարման ընթացքում էականորեն վերափոխվել է՝ ինտենսիվ այգեգործություն, ժամանակակից ջերմոցներ, նոր գյուղտեխնիկա և պետական սուբսիդավորման լայնածավալ ծրագրեր:
«Բայց հիմա մի այլ ցուցանիշ ներկայացնեմ.
2026թ. հունվարի տվյալով՝ հայաստանյան բանկերի՝ գյուղոլորտին տրամադրած վարկերի ծավալը հասել է շուրջ 411.5 մլրդ դրամի: Համեմատության համար նշեմ՝ 2018-ի հունվարին այդ ցուցանիշը 145 մլրդ դրամ էր, այսինքն՝ արձանագրվել է ավելի քան 183% աճ:
Իսկ ինչպե՞ս է սա դրսևորվել «հողի վրա».
- ինտենսիվ այգեգործություն. միայն նախորդ տարի հաստատվել է շուրջ 1399 հա այգեհիմնման հայտ: Իսկ 2021-ից մինչև 2025թթ. հաստատվել է ընդհանուր 8800 հա հայտ, որից փաստացի արդեն հիմնվել է 4635 հեկտարը: Ծրագրի մեկնարկից ի վեր տրամադրվել է 235 մլրդ դրամ վարկ, իսկ պետությունը սուբսիդավորել է շուրջ 62 մլրդ-ը,
- ժամանակակից ջերմատներ. նախորդ 5 տարիներին ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում հիմնվել է 23.57 հա ջերմատուն, ևս 64.8 հա-ի կառուցումն արդեն մեկնարկել է: Այս ուղղությամբ տրամադրված վարկերի ծավալը կազմում է 43.2 մլրդ դրամ:
Նախորդիվ առիթ ունեցել էի անդրադառնալու նաև գյուղտեխնիկայի լիզինգի ցուցանիշներին:
Մենք անցում ենք կատարում ճշգրիտ, կառավարելի և մրցունակ գյուղատնտեսության: Երբ գյուղացին դառնում է գործարար, իսկ հողը՝ բարձր եկամտի աղբյուր, հենց սա է հզոր ու ինքնաբավ պետության գրավականը։ Այս աշխատանքներն ու աջակցությունը լինելու են շարունակական»,- գրել է Մանավազյանը: