Աբխազիայի արևելքում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել

Քաղաքականություն

05.03.2026 | 14:32

Ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության Օչամչիրայի շրջանի գյուղերից մեկում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել։ Բախման ժամանակ անօդաչուն վնասել է էլեկտրահաղորդման գիծը: Աբխազիայի պաշտպանության նախարարությունը ՏԱՍՍ-ին հաստատել է տեղեկությունը, որը հրապարակվել է Telegram ալիքներով, գրում է Эхо Кавказа-ն։

Գյուղի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հաղորդագրություններ են ստացվել նաև Գագրայում, Նոր Աֆոնում և Գուլրիպշում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու մասին, սակայն դեպքի վայր ուղարկված փրկարարները չեն կարողացել գտնել դրանք. այս հաղորդագրությունները չեն հաստատվել։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պատերազմի ուժերն ու միջոցները «կանխում են օդային տարածքի խախտումները» անհայտ ինքնաթիռների կողմից: Պաշտպանության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին՝ «պահպանել հանգստություն, և եթե հայտնաբերեն ինքնաթիռների անկման վայրեր կամ բեկորներ, չմոտենալ դրանց, չդիպչել և անմիջապես հայտնել» համապատասխան մարմիններին։

Մինչև տեղեկատվության հաստատումը՝ սոցիալական ցանցերում հրապարակվել են Աբխազիայի վրայով թռչող անօդաչու թռչող սարքերի կադրեր:

Ավելի վաղ՝ մարտի 4-ի երեկոյան, Փսոուի անցակետը դադարեցրել էր աշխատանքը «անօդաչու միջոցների սպառնալիքի» պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment