Հայաստանի կառավարությունը վաղօրոք ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերն Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրադրությանն արձագանքելու համար, և պետական ինստիտուտները տևական ժամանակ է, ինչ աշխատում են այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մարտի 5-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ վարչապետը նշեց․
«Շատ ցավալի է մեզ համար այն ինչ տեղի է ունենում Իրանի Իսլամական հանրապետության շուրջ ևտարածաշրջանում, բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի»,- ասաց վարչապետը:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Փաշինյանը տեղեկացրեց է, որ դեռևս մեկ-մեկուկես տարի առաջ Անվտանգության խորհրդի համակարգում վարչապետի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը երբեմն ամենօրյա, երբեմն ամենամսյա ռեժիմով զբաղվում է այս խնդիրներով:
Խոսելով իր՝ «պեռաշկի ուտելու» շուրջ ծավալված հանրային քննարկումների մասին՝ նա պարզաբանել է, որ դա բնավ հումոր չէր, այլ վստահության նշան առ այն, որ անվտանգային միջոցառումները վաղուց իրականացված են։
«Ես որ ասում եմ՝ դրա համար եմ պեռաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք էր ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ որոշումները կայացվում են ոչ թե ճգնաժամի պահին՝ ափալ-թափալ, այլ ինստիտուցիոնալ հիմքերի վրա, քանի որ դեռ վեց ամիս առաջ էլ ակնհայտ էր, որ ռազմական իրադարձությունները կարող են կրկնվել:
«Շատ լավ է, որ ոչ թե այդ օրը առավոտյան պետք է վարչապետը ափալ-թափալ որոշումներ կայացնի, այլ այն որոշումները, որոնք բխում են իրադրությունից ինստիտուցիոնալ առումով»,- հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը գործել է այն ժամանակ, երբ մյուսները դեռ անհոգ էին:
The post Վաղուց միջոցներ ենք ձեռնարկել․ Փաշինյանը՝ տարածաշրջանային լարվածությանն արձագանքելու մասին appeared first on CIVILNET.