Անպատասխան չի մնա Իրանի հարձակումը․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անպատասխան չի մնա Իրանի հարձակումը։

Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից հարձակումներ են իրականացրել Նախիջևանի միջազգային օդանավակայանի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։  

«ԱԹՍ-ների տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասները ներկայումս ուսումնասիրվում են։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումները, որոնք հիմնված չեն եղել որևէ ռազմական անհրաժեշտության վրա։

Այս միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումները անպատասխան չեն մնա», – ասված է հայտարարության մեջ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Մարտի 4-ին էլ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը Իրաքի և Սիրիայի օդային տարածքով շարժվում էր դեպի Թուրքիա, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և փոխանցել երկրի պաշտոնական արձագանքը՝ կոչ անելով զերծ մնալ հակամարտության ընդլայնմանը նպաստող քայլերից։

The post Անպատասխան չի մնա Իրանի հարձակումը․ Ադրբեջանի ՊՆ appeared first on CIVILNET.

Leave a comment