2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո մեզ մոտ հանգիստ եւ խաղաղ վիճակ է. Վարդենիս համայանքի ղեկավարը՝ Արման Թաթոյանի պնդումների մասին

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիսում բարձրաձայնել էր ադրբեջանական կողմի առաջխաղացումների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր եւ արբանյակային լուսանկարներ, ինչը ՔՊ-ական պատգամավորները շտապեցին հերքել:

Արման Թաթոյանի պնդմամբ՝ ադրբեջանցիները Վարդենիսում մարտական հերթապահություն կրող դիրքեր, հրաձգային, ինչպես նաև ականանետային ու խոշոր տրամաչափի այլ զենքերի համար կետեր են տեղակայել, կոմունիկացիաներ են ստեղծել, ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը, Վարդենիս համայնքի գյուղեր, անգամ արևային պանելներ են տեղակայել, օպերատիվ մարտավարական ու ռազմավարական (ռոկադային) ճանապարհներ են կառուցել, թաքստոցներ, որոնց միջոցով անգամ կարող են մեր տարածքի խորքերը ներթափանցել։

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանության ստանալ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանից: «Արդեն հինգերորդ տարվա մեջ է, որ աշխատում եմ, 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո մեզ մոտ բացարձակապես հանգիստ եւ խաղաղ վիճակ է, նման բան ես չեմ լսել»,-ասաց համայնքի ղեկավարը:

Կրկին հարցրինք՝ իսկապե՞ս  որեւէ փոփոխություն, առաջխաղացում չկա, նշելով, որ պարոն Թաթոյանն իր ասածը հիմնավորում էր լուսանկարներով: «Չկա նման բան, ես առաջին անգամ եմ լսում, մեզ մոտ ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ահարոն Խաչատրյանի լուսանկարը՝ Վարդենիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment