Իրանական քրդական մի քանի խմբավորումների զինյալներ պատրաստվում են հնարավոր ցամաքային հարձակման Իրանի դեմ երկրի հյուսիս-արևմտյան հատվածում։ Այս մասին հայտնում է AXIOS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաներին, ինչպես նաև խմբավորումներից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչին։
ԱՄՆ-իսրայելական ռմբակոծություններին զուգահեռ քրդական ցամաքային հարձակումը կարող է մեծացնել ճնշումը Թեհրանի վրա և խթանել ներքին ապստամբություն, որը կարող է տարածվել Իրանի այլ շրջաններում։
Ըստ CNN-ի և Axios-ի հաղորդումների Կենտրոնական հետախուզական վարչությունը ներկայումս բանակցում է մի քանի քրդական խմբավորումների հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Մուստաֆա Հիջրիի հետ, իսկ ավելի վաղ կապ է հաստատել Իրաքի քրդական առաջնորդներ Մասուդ Բարզանիի և Բաֆել Թալաբանիի հետ։ Վերջինս հաստատել է զրույցի փաստը՝ նշելով ամուր գործընկերության քննարկման մասին։
Զեկույցները հուշում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամիսներ շարունակ լոբբինգ է իրականացրել՝ Վաշինգտոնում՝ քրդական գործոնն օգտագործելու համար՝ հիմնվելով Իրանում և Սիրիայում իսրայելական հետախուզական արդեն իսկ գոյություն ունեցող ցանցերի վրա։
Վաշինգտոնի ռազմավարությունը հետապնդում է երկու հիմնական նպատակ։ Առաջինը՝ քրդական ապստամբության միջոցով ստիպել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուժերը կենտրոնացնել երկրի արևմտյան նահանգներում՝ թուլացնելով ռազմաճակատի այլ հատվածները։ Երկրորդը՝ վերահսկողություն հաստատել Հյուսիսային Իրանի նկատմամբ, ինչը Իսրայելի համար կծառայի որպես պաշտպանիչ գոտի Իրանի հնարավոր հակահարվածներից։
ԱՄՆ-ն ունի քրդական խմբավորումների հետ համագործակցության հարուստ բայց հակասական պատմություն։ 1991-ին Իրաքում ոչ թռիչքային գոտու սահմանումից մինչև 2014-ին ISIS-ի դեմ պայքարում Սիրիայի քրդական YPG ուժերի զինումը Վաշինգտոնը մշտապես օգտագործել է քրդական գործոնը։ Սակայն 2024-ի վերջին Սիրիայում քաղաքական վեկտորի փոփոխությունը և քրդական ուժերի ինտեգրումը կենտրոնական կառավարությանը ցույց են տալիս ԱՄՆ դաշինքների անկայունությունը։
Փորձագետները զգուշացնում են հնարավոր բացասական հետևանքների մասին։ Chatham House-ի վերլուծաբան Նիլ Քվիլիամը նշում է, որ սա կարող է հանգեցնել Իրանի ներսում էթնիկ և քաղաքական խմբերի միջև բախումների, այլ ոչ թե միասնական ընդդիմության ձևավորման։ Բացի այդ քրդական զինված խմբերի ակտիվացումը կարող է սրել հարաբերությունները Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի հետ, որոնք ավանդաբար զգայուն են քրդական անջատողականության ցանկացած դրսևորման հարցում։
Մինչ Վաշինգտոնը քննարկում է զինման ծրագրերը, ԻՀՊԿ-ն արդեն իսկ սկսել է հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող քրդական դիրքերին։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք վերջնական համաձայնություն ձեռք է բերվել զենքի մատակարարման վերաբերյալ, սակայն քրդական աղբյուրները պնդում են, որ առաջիկա օրերին սպասվում են ակտիվ ցամաքային գործողություններ։
***
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Քուրդ զինյալները պատրաստվում են հնարավոր ցամաքային հարձակման Իրանի դեմ․ AXIOS appeared first on CIVILNET.