Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թիվը 3-ով կավելանա
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առաջարկում ենք Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների թվակազմն ավելացնել 3-ով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 20-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:
Ըստ նախարարի տեղակալի՝ այս հանձնաժողովն ունի 8 անդամ, որից միայն 2-ն են ոչ դատավոր անդամներ, և սա նաև միջազգային գործընկերների դիտարկմամբ որոշակի ազդեցություն է ունենում դատավորների կարգապահական վարույթներ հարուցելու, որոշումների կայացման գործընթացում՝ ստեղծելով այսպես կոչված «կորպորատիվիզմի դրսևորումներ», քանի որ դատավորներն այդ հաձնաժողովում մեծամասնություն են:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանձնաժողովում ներկայացված հաղորդումները դատավորների կարգապահական վարույթներով ոչ միշտ է, որ հաջող ընթացք են ունենում: 2024-ին, օրինակ, հանձաժողով են ներկայացրել 583 դիմում, դրանցից որպես դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում դիտարկվել է 183-ը, կարգապահական վարույթ է հարուցվել 9-ով, իսկ ԲԴԽ-ին միջնորդություն է ներկայացվել միայն 2 գործով»,- ասաց նա:
Ոչ դատավոր անդամների թեկնածուներին ներկայացվող պահանջների մասով ևս փոփոխություններ են առաջարկվում: Ըստ այդմ՝ ոչ դատավոր անդամներ ընտրելուց առաջ Դատական դեպարտամենտը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ պետք է կազմակերպի դատավորների բարեվարքության ստուգում: Ոչ դատավոր անդամները ԿԿՀ-ին պետք է նեկայացնեն նաև հայտարարագիր:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարևորեց նախագիծը՝ նշելով, որ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ միակարծիք են եղել, որ այս հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ չէ, և որ նախարարի տեղակալի ներկայացրած վիճակագրությունը դրա վառ վկայությունն է:
«Դրա պատճառն այն է, որ դատավոր-իրավաբան գիտնական հարաբերակցությունն այդ հանձնաժողովում խիստ անհամաչափ է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովից ստացված կարծիքի համաձայն՝ այս հարաբերակցության փոփոխությունը կարևոր է, և որ ոչ դատավոր անդամների թիվը պետք է ավելացնել: