«Միակ հարցը, որ պետք է հիմա քննարկվի, այս սահմանադրության տոտալ մերժումն է». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է այսօր տեղի ունեցող իրադարձություններին։

Մասնավորապես, արցախցիների կենսաչափական անձնագրում ծննդյան վայրը Ադրբեջան նշելու դեմ մեր հայրենակիցների բողոքի ակցիայի առիթով լրատվամիջոցների հարցին Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հնչեցրած պատասխանի մասին նա ասաց. «Ալեն Սիմոնյանի կերպարը ռացիոնալ հարթությունում ներկայացնելը, Ադրբեջանի հետ կապված նրա հայտարարությունները մեկնաբանելը շատ բարդ է։ Ադրբեջանի հետ նրա ջերմ զգացողությունների հետ կապված՝ ես մի անգամ նշել էի, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն մի օր, ապա ճիշտ կլինի, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպան նշանակվի Ալեն Սիմոնյանը, որովհետեւ ես չեմ ճանաչում Ադրբեջանում մի քաղաքական, պետական գործիչ, որը կկարողանա Հայաստանում Ադրբեջանի շահերը նրանից ավելի լավ ներկայացնել։ Հետեւաբար, նրա հայտարարությունները, ես կարծում եմ, որ պետք է դիտարկել Ադրբեջանի շահերի տեսանկյունից։

Շատերը մոռացել են Սուրեն Պապիկյանի հետ նռները ձեռքին նկարը Աղդամում, որտեղ նա գրում էր, որ Աղդամը մեր հայրենիքն է։ Այսինքն՝ Պապիկյան Սուրենի եւ Ալենի հայրենիքն է։ Դա 2018 թվականից առաջ էր։ Բայց կյանքը ցույց տվեց, որ իրենք լրիվ հակառակն են անում։ Ավելի ճիշտ, գուցե ճիշտ էր ասում։ Եթե հիմա նրա տրամաբանությամբ Աղդամը Ադրբեջան է, ուրեմն իր հայրենիքը Ադրբեջանն է»։

Դերենիկ Մալխասյանն անդրադարձավ նաեւ օրվա կարեւորագույն թեմային՝ իշխանության ներկայացրած նոր սահմանադրությանը։ «Միակ հարցը, որ պետք է հիմա քննարկվի, այս սահմանադրության տոտալ մերժումն է։ Պետք չէ մտնել բովանդակային որեւէ քննարկման մեջ, որովհետեւ այստեղ չկա որեւէ բովանդակություն, որը քննարկման առարկա կարող է հանդիսանալ, քանի որ այս սահմանադրությունը թելադրված է Ալիեւի կողմից։ Հետեւաբար, ալիեւյան սահմանադրություն ձեւակերպումը շատ ճիշտ ձեւակերպում է։ Եվ դրա կյանքի կոչման ինչ տարբերակ էլ լինի, բերելու է ոչ թե հարատեւ խաղաղություն, այլ ուղղակի խորացնելու է Հայաստանի կապիտուլյացիան Ադրբեջանի կողմից։ Եթե անգամ այս սահմանադրությունն ընդունվի, չի ավարտվելու հակամարտության դարաշրջանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչքան էլ հիմա նշեն, որ չկա հակամարտություն։

Հակամարտություն կա։ Ուղղակի տաք դրսեւորում դեռեւս չի գտնում։ Այս սահմանադրությունը հայ ազգի ողնաշարը եւս մեկ անգամ կոտրելու փորձ է Ադրբեջանի կողմից։ Եվ այն մարդիկ, որոնք կողմ են արտահայտվում ալիեւյան սահմանադրությանը, նրանք բացարձակապես ոտնահարում են Հայաստանի պետական շահերը, կողմ են Հայաստանի կապիտուլյացիայի շարունակմանը Ադրբեջանի կողմից։ Նրանք նման քայլերով հող են նախապատրաստում Ադրբեջանի կողմից տարածքային հավակնություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Դերենիկ Մալխասյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment