Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) գտնվում է բարձրագույն մարտական պատրաստվածության մակարդակում. այս մասին հայտարարվել է կառավարության մամուլի ասուլիսում, որի ընթացքում ներկայացվել է երկրի անվտանգության, տնտեսական և հասարակական իրավիճակը՝ կապված տարածաշրջանում սրված լարվածության հետ։ Ասուլիսին մասնակցել են պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի, տնտեսության և զբոսաշրջության նախարարությունների, ինչպես նաև ճգնաժամերի կառավարման ազգային մարմնի ներկայացուցիչները։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իրանի հարձակումների սկզբից ի վեր ԱՄԷ-ի ուղղությամբ արձակվել է 186 բալիստիկ հրթիռ, որոնցից 172-ը խոցվել են, 13-ը ընկել են ծովը, իսկ մեկը՝ երկրի տարածքում։ Հայտնաբերվել է նաև 812 անօդաչու թռչող սարք, որոնցից 755-ը ոչնչացվել են։ Բացի այդ, խոցվել է 8 թևավոր հրթիռ։ Հարձակումների հետևանքով 3 մարդ զոհվել է, 68-ը ստացել են թեթև վնասվածքներ։
Պաշտպանության նախարարության խոսնակ, ավիացիայի բրիգադի գեներալ Աբդուլնասեր Ալ-Հումեյդին հայտարարել է, որ ԱՄԷ-ն գտնվում է բարձրագույն մարտական պատրաստվածության մակարդակում և ունի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք արդյունավետորեն պաշտպանում են երկրի օդային տարածքը։ Նրա խոսքով՝ զինված ուժերը շուրջօրյա հետևում են իրավիճակի զարգացմանը և պատրաստ են դիմակայել ցանկացած սպառնալիքի։
Միջազգային համագործակցության պետնախարար Ռիմ Ալ-Հաշիմին ընդգծել է, որ Իրանի հարձակումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ ԱՄԷ-ն բազմիցս հայտարարել էր, որ թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Նա կոչ է արել Թեհրանին դադարեցնել հարձակումները և առաջնահերթություն տալ դիվանագիտական լուծումներին՝ միաժամանակ ընդգծելով ԱՄԷ-ի ինքնապաշտպանության իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։
Տնտեսության և զբոսաշրջության նախարար Աբդուլլա բին Տոկ Ալ-Մարրին նշել է, որ երկրի տնտեսությունը շարունակում է գործել բնականոն կերպով։ Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն ունի հիմնական ապրանքների 4-6 ամսվա ռազմավարական պաշար, իսկ մատակարարման շղթաները շարունակում են գործել առանց խափանումների։
Միևնույն ժամանակ, իշխանությունները վստահեցնում են, որ երկրում անվտանգության իրավիճակը կայուն է, իսկ պետական բոլոր կառույցները գործում են միասնական և բարձր պատրաստվածության պայմաններում։
The post Իրանն ԱՄԷ-ի ուղղությամբ արձակել է 186 բալիստիկ հրթիռ, զոհվել է 3 մարդ appeared first on CIVILNET.