Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Մինչ ամբողջ քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրություններին, վարչապետի՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Դավիթ Համբարձումյանը նամակով դիմել է ՀՀԿ ԳՄ-ին՝ առաջարկելով «դիմել ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին՝ Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնելու գործնական առաջարկով»։
Անցած երկու օրերին նկատեցի, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ Դավիթի այս նամակը նույնպես ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների վրա նոր հարձակումներ գործելու առիթ դարձրեցին։ Մեղադրանքն էլ այն է, իբր իմպիչմենտի օրակարագ առաջ բերելով, Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն փորձում են խոչընդոտել ընտրություններով Նիկոլին հաղթել պատրաստվող ընդդիմությանը։ Աբսուրդ այս մտքին, որպես կանոն, հետևում է մեղադրանքների այն շարանը, որն անցած տարիների ընթացքում ընդդիմության «հակասարգսյանական թևը» վաղուց արդեն մատի փաթաթան է դարձրել ու այդկերպ «արդարացնում» Նիկոլի դեմ քաղաքական իրական պայքար տանելու իր անկարողությունը։
Իհարկե, միանգամայն անիմաստ է այդ մարդկանց մտատանջանքներին անդրադառնալը։ Նման բանավեճը մեզ ոչ մի տեղ չի բերելու։ Շատ ավելի կարևոր է Դավիթ Համբարձումյանի առաջարկի քննարկումը։ Թե ինչու՞, խոսել եմ իմ հեղինակային նոր հաղորդման՝ «Վերլուծական Live»-ի ընթացքում։ Հաղորդման այդ հատվածը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։ Բայց նաև ասեմ, որ ո՛չ իմպիչմենտով, ո՛չ ընտրություններով և ո՛չ էլ այլ գործիքով հաղթանակ չի լինի, եթե չլինի իրական պայքար, ուժերի համախմբում ու գերլարում։ Մինչ այս պահը ես դա չեմ տեսնում։ Հնարավորությունը տեսնում եմ, բայց իրական գործը՝ ոչ։ Ուստի լավ կլիներ, եթե քաղաքական ուժերն իսկապես միավորվեին Նիկոլին հեռացնելու օրակարգի շուրջ։ Դա պարզապես անհրաժեշտություն է։
P.S. Հաղորդման ընթացքում խոսել եմ նաև այլ քաղաքական զարգացումների և հատկապես՝ անցած շաբաթվա ընթացքում «Հայրենիք» կուսակցության կայացրած՝ իմ կարծիքով չափազանց պատասխանատու և շատ հեռանկարային որոշման մասին։ Այս թեմայով դեռ շատ կխոսեմ։ Բայց մինչ այդ՝ ահա անցած հաղորդման հղումը (https://www.youtube.com/watch?v=DTe2Gj9VD18)»։