ՄԻՊ-ն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հարցեր


Մարտի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:


 


Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման համատեքստում։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ատելության խոսքի և կրոնական ազատությունների ապահովման խնդիրներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։


 


Պաշտպանը նաև ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովման, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա մարտահրավերները։ Քննարկվել են նաև կալանքի կիրառման պրակտիկային, իրավահավասարության և հակախտրականության ապահովման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտներին վերաբերող խնդիրներ։


 


Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է կրթական բարեփոխումների իրականացումը՝ բռնությունն ու անհավասարությունը վերարտադրող կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից։


 


Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը՝ այն դիտարկելով որպես մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման կարևոր բաղադրիչ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։


 


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։

Դիտումների քանակ6

Leave a comment