Առաջարկվում է վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնել և գործի քննության ժամկետները կրճատել. նախագիծ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով՝ այս փաթեթով առաջարկում են երկու առանցքային կարգավորումներ՝ վարչական, վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և գործի քննության ժամկետները կրճատելու համար:
Նրա խոսքով՝ որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը դատավարության մասնակցի հիմնավորված միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով այն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:
«Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հետևյալին. առաջարկում ենք, որ այն դեպքերում, երբ պետական կամ ՏԻՄ մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում, և այդ վճիռը վերաբերում է 300 հազար դրամը չգերացանցող տուգանքներին, վարչական մարմինը չկարողանա այդ ակտերը բողոքարկել վերաքննիչ ատյան, այսինքն՝ պետությունը, ըստ էության, հրաժարվում է իր բողոքարկման իրավունքից վերաքննիչ ատյանում, որպեսզի դրանով կարողանա նպաստել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությանը, և քաղաքացիների բողոքները ավելի կարևոր գործերով կարողանան ավելի արագ քննվել»,- հայտնեց Դադունցը:
Ըստ նրա՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերաքննիչ վարչական դատարանում 2024 թվականին ներկայացվել է 8748 բողոք, որից 2877-ը վերաբերում են դրամական պարտավորություն առաջացնող ակտերին:
«Հետաքրքիրն այն է, որ այս բողոքներից 80 տոկոսը բերվում են հենց պետական մարմինների և ՏԻՄ-երի կողմից: Այն դեպքում, երբ շուրջ 65 տոկոս դեպքերում տուգանքներով սահմանված չափը չի գերազանցում 25 հազար դրամը, այսինքն՝ վերաքննիչ վարչական դատարանը ծանրաբեռնված է նման փոքր գործեր քննելով: Այս ամենի հետևանքով ունեինք մի իրավիճակ, երբ պետությունը առավել քիչ ռեսուրսների վերադարձի համար իրականում ավելի շատ ռեսուրսներ է ծախսում՝ կլինեն դատավորի, նրա աշխատակազմի վարձատրություն, կոմունալ ծախսեր, ծանուցումներ, և այլն, չհաշված, որ, ըստ վիճակագրության, այդ բողոքարկումների մի ստվար զանգված ընդհանրապես չի էլ բավարարվում դատարանի կողմից»,- պարզաբանեց արդարադատության նախարարի տեղակալը:
նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը մոտ 30 տոկոսով կթեթևանա, ինչը կնպաստի բողոքների ավելի արդյունավետ քննությանը:
«Մենք առաջարկում ենք նաև վերաքննիչ բողոքների քննության համար վարչական դատարանում հստակ ժամկետ սահմանել՝ 6 ամիս, որը որոշ դեպքերում, դատարանի պատճառաբանված որոշմամբ, կախված գործի հանգամանքներից, կարող է երկարաձգվել մինչև 4 ամսով, այսինքն՝ առաջարկում ենք առավելագույնը 10 ամիս գործի քննության ժամկետ վերաքննիչ վարչական դատարանում բողոքների քննության համար»,- տեղեկացրեց Դադունցը: